Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ հանդիպման նախօրեին Անկարան Թեհրանին մեղադրում է «ՊԿԿ»-ին աջակցելու մեջ
«Լարիջանին այդ ի ՞ նչ է ասել, որ թուրք պաշտոնյաները զայրացել են»:
Նման վերնագրով վերլուծական նյութ է թողարկվել իրանական «թաբնաք.իռ» կայքում:
«Թաբնաք»-ի մեկնաբանը նշում է, որ Սիրիա, Լիբանան և Թուրքիա կատարած տարածաշրջանային այցի շրջանակներում ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի և Թուրքիայի վարչապետ Ռ.Էրդողանի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո Անկարան հանդես է եկել հակաիրանական հայտարարությամբ, որն ակնհայտորեն Ալի Լարիջանիի հնչեցրած հայտարարությունների պատասխանն էր:
Ըստ իրանական աղբյուրի՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը մասնավորապես հայտարարել է. «Մենք ստույգ տեղեկատվություն ունենք, որ Իրանն աջակցում է «ՊԿԿ» ահաբեկչական խմբավորման անդամներին: «ՊԿԿ»-ի այն անդամները, որոնք վիրավորվում են, իրենց բուժումը ստանում են Իրանի հիվանդանոցներում»:
Նշենք, որ ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրը նախօրեին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի՝ Սիրիա, Լիբանան և Թուրքիա կատարած տարածաշրջանային այցին, մասնավորապես նշել էր. «Իրանի Մեջլիսի նախագահը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նպատակ է ունեցել թուրք պաշտոնյաներին հասկացնել, որ Սիրիայի հարցում նրանք սխալ քաղաքականություն են վարում: Բացի այդ, թուրք-սիրիական սահմանին «Պատրիոտ» հրթիռային համակարգի տեղակայման, ինչպես նաև Անկարայի՝ Սիրիայի ընդդիմադիրներին աջակցելու առնչությամբ ևս Ալի Լարիջանին Էրդողանին լուրջ նախազգուշացրել է»:
Հավելենք, նաև, որ Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ վաղը Թուրքիայի Էրզրում քաղաքում տեղի կունենա Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանցի խորհրդարանական. Լարիջանին Էրդողանին փորձել է հասկացնել, որ Անկարան սխալ ճանապարհով է գնում
«ՖԱՐՍ». Էրդողանը տարածաշրջանի մուսուլմանական ազգերի հանդեպ վարում է կեղծ քաղաքականություն
Իրանական կայք. Թուրքիայի «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը հարյուրապատկել է լարվածությունը
ԻԻՀ Մեջլիսի նախագահը մեկնել է Թուրքիա. Իրանը դեմ է թուրք-սիրիական սահմանին «Պատրիոտ» հրթիռների տեղակայմանը