Կիրսան Իլյումժինովը հայ ու ադրբեջանցի երեխաներին առաջարկում է շախմատ խաղալ Լեռնային Ղարաբաղում
Ռուսաստանյան լրատվամիջոցներից մեկի թղթակցին տված հարցազրույցում ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը խոսել է տարբեր երկրների առաջնորդների հետ անցկացրած պարտիաների, աշխարհում շախմատի դերի մասին: Նա նաև անդրադարձել է իր այն նախաձեռնությանը, որով հայ և ադրբեջանցի շախմատիստներին առաջարկել է խաղալ Լեռնային Ղարաբաղում:
«Շախմատային գործերով հաճախ եմ լինում այնպիսի երկրներում, որոնք կոնֆլիկտի մեջ են: Անցած տարի 108 երկիր եմ այցելել, այս տարի` մոտ 60: Ինձ շատերն են հրավիրում: Գարնանը, օրինակ, Սեուլում մասնակցել եմ միջազգային համաժողովի, որի ընթացքում, ի թիվս այլոց, բարձրացվեց նաև Հարավային ու Հյուսիսային Կորեաների միավորման հարցը: Ես հանդես եկա զեկույցով: Առաջարկեցի կամրջի վրա, որտեղ ՄԱԿ-ի զորքերն են կանգնած, դնել շախմատային 100 սեղան, որոնց մի կողմում կնստեն հյուսիսկորեացի պիոներները, մյուսում` հարավկորեացի երեխաները: Այդ գաղափարը քննարկեցի Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակի հետ: Նա դեռ 90-ականներից իմ ընկերն է, երբ «Հոնդա» ընկերության նախագահն էր, իսկ ես` այդ ընկերության ներկայացուցիչը Խորհրդային Միությունում: Նա այնուհետև դարձավ Սեուլի քաղաքապետ, իսկ հետո ընտրվեց երկրի նախագահ: Եվ ահա ես առաջարկեցի, որպեսզի առաջին քայլը կատարեն Կորեաների նախագահները: Հարավայինները պատրաստ էին, բայց, ցավոք, Հյուսիսային Կորեայում նոր էր մահացել առաջնորդը, և հիմա բոլոր բանակցությունները պետք է կրկին սկսենք:
Եվս մեկ գաղափար. խաղաղության գիծը` արաբա-իսրայելական սահմանի վրա: Այնտեղ 6 մետրանոց պատ կա, և այն հատվածում, որտեղ դեռ շինարարություն է ընթանում, պետք է դնել շախմատային 1000 սեղան և նրանց շուրջ նստեցնել երեխաներին: Պաղեստինցիների ղեկավարի` Մահմուդ Աբասի հետ քննարկել եմ այդ գաղափարը, և նա երկու ձեռքով կողմ է: Իսրայելական ղեկավարությունը նույնպես կարծես թե չի առարկում: Մնում է նախապատրաստել և իրականացնել: Նույնը կարող ենք կիրառել Լեռնային Ղարաբաղում, որտեղ կարող են խաղալ հայ և ադրբեջանցի երեխաները…»,- նշել է Կիրսան Իլյումժինովը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում