Պատրիկ Մերֆի. ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը պետք է բխի հակամարտող կողմերից և ոչ թե միջազգային միջնորդներից
Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը պետք է բխի հակամարտող կողմերից և ոչ թե միջազգային միջնորդներից: Այս մասին, «Public Dialogues» ծրագրի շրջանակներում կայացած համացանցանյին հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ նախագահի Հարավային Կովկասի հարցով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պատրիկ Մերֆին: Հարցազրույցը հրապարակվել է «Public dialogues» կայքում:
«Մեր անվտանգությունն անբաժանելի է, և քանի դեռ հակամարտությունները մնում են չլուծված, դրանք շարունակում են սպառնալ մեր անվտանգությանը: Հարավային Կովկասի ձգձգվող հակամարտությունները սպառնալիք են ներկայացնում մասնավորապես տարածաշրջանի և ընդհանրապես ԵԱՀԿ-ի ողջ տարածքի անվտանգության ու կայունության համար: Ավելին` դրանք թույլ չեն տալիս զարգանալ այդ հակամարտություններից տուժող հասարակություններին: Այդ իսկ պատճառով, որքան ավելի շուտ սույն հասարակությունների առաջնորդները կընդունեն հակամարտությունների` խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ համարձակ որոշումներ, այնքան ավելի շուտ իրենց հնարավորությանները կկարողանան բարգավաճել»,- նշել է Պատրիկ Մերֆին:
«Հուսով եմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները դեկտեմբերի սկզբին կայանալիք իրենց հանդիպման ժամանակ կդրսևորեն կառուցողական ու ապագային կողմնորոշված մոտեցում: Ինչքան էլ, որ միջազգային հանրությունը շահագրգռված լինի հիմնախնդիր կարգավորմամբ, վերջնական որոշումը պետք է բխի հակամարտող կողմերից և ոչ թե միջազգային միջնորդներից: Վերջիններիս դերը պետք է սահմանափակվի խնդրի լուծման ճանապարհների որոնման աջակցությամբ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը շարունակվում է արդեն 20 տարի: Նման երկար ժամանակահատվածի կոնտեքստում շատ քիչ են այնպիսի հարցեր, որոնք կարելի է համարել նոր: Չնայած դրան՝ Մինսկի խմբի համանախագահները նպաստելու են յուրաքանչյուր առաջարկի դիտարկմանը, որոնք կողմերը պատրաստ կլինեն քննարկել: Խնդրի լուծմանը բանակցությունների միջոցով հասնելու տարրերը առկա են: Չի բավականացնում միայն կողմերի քաղաքական կամքը՝ ընդունելու համար համարձակ որոշումներ՝ հանուն իրենց ժողովուրդների: Բանակցությունների հետ մեկտեղ պետք է քայլեր ձեռնարկվեն այդքան անհրաժեշտ վստահության վերականգնման համար, որը խաթարվել է հակամարտության ողջ տարիներին: ԶԼՄ-ները, պատգամավորները և քաղաքացիական հասարակությունը կարող են բավական կարևոր դեր խաղալ այդ հարցում: Պետք է նաև գործարկել շփման գծում գրանցվող միջադեպերի հետաքննման մեխանիզմը, ինչը համաձայնեցված է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ: Դրա բացակայությունը մեծ բացթողում է հակամարտության կարգավորման գործընթացում»,- հավելել է բանախոսը: