
«Մատչելի բնակարան». 975 երիտասարդ ընտանիք արդեն բնակարան ունի
«Մատչելի բնակարան» ծրագրով նախատեսվում է 3 միլիարդ դրամի փոխհատուցում տրամադրել երիտասարդ ընտանիքներին՝ բնակարան ձեռք բերելու համար: Այս ծրագրով արդեն 975 երիտասարդ ընտանիքներ բնակարան են ստացել:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով «Մատչելի բնակարան» երիտասարդ ընտանիքների համար պետական ծրագրի այս պահին առկա արդյունքները, նման տվյալներ ներկայացրեց սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը:
Հիշեցնենք, որ ծրագրի շահառու կարող են լինել այն երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսիններից առնվազն մեկը երիտասարդ է, իսկ մյուսի տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ), և ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60-ը, կամ երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնող: Շահառուները պետք է ունենան եկամտի բավարար մակարդակ ստանձնած վարկային պարտավորությունները կատարելու համար:
Ծրագրով նախատեսված վարկերի 55%-ը տրվել է երևանաբանակ երիտասարդ ընտանիքներին, իսկ 45%-ը` մարզերում բնակվողներին:
Նշենք, որ ծրագրից օգտվելու չափորոշիչներում կատարված փոփոխությունների համաձայն՝ նախկին 2 տոկոսի փոխարեն, ՀՀ մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը սուբսիդավորում է 4 տոկոսը. այսինքն` մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը ստացվում է 6.5-7 տոկոս:
Նախկին 30 տոկոսի փոխարեն, մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի կանխավճարը կարող է կազմել ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսը, եթե վարկառուի կողմից, բացի տրամադրված վարկերի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից, գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք:
Ընդ որում` այս պայմանի առկայության դեպքում, տրամադրվող հիփոթեքային վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված բոլոր բնակելի անշարժ գույքերի արժեքի 70 տոկոսը, սակայն ոչ ավելի քան 11 մլն 200 հազար դրամը` անկախ գրավադրված բոլոր բնակելի անշարժ գույքերի արժեքից:
Արսեն Քարամյանը տեղեկացրեց, որ մի քանի օրից` դեկտեմբերի 5-ից կմեկնարկի ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ մասնագետների համար կառուցվելիք համալիրի ծրագիրը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին