Հրանտ Բագրատյանը` ՀԱԿ-ի այլընտրանաքային թեկնածու
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը, «168 ժամի» տեղեկություններով, պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը 2013թ. կայանալիք նախագահական ընտրություններում։ Հ. Բագրատյանն այդ քայլին չի դիմի միայն մի դեպքում, եթե ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրի իր թեկնածությունը։
Սակայն, ըստ թերթի աղբյուրների, Բագրատյանն իր մտադրությունից չի հրաժարվի, եթե Լ. Տեր-Պետրոսյանի փոխարեն ՀԱԿ-ից առաջադրվի մեկ այլ թեկնածու, ասենք, Լևոն Զուրաբյանը, կամ Կոնգրեսը որոշի պաշտպանել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։
«Բագրատյանը որպես իր գաղափարակիցներ տեսնում է ՀԱԿ այն գործիչներին, ովքեր դեմ են ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը։ Եթե Հրանտ Բագրատյանն իսկապես առաջադրի իր թեկնածությունը, ապա դա կհանգեցնի ՀԱԿ-ի հերթական, գուցե նաև վերջնական պառակտմանը, որը կարող է հանգեցնել քաղաքական իրականությունից այդ կառույցի վերջնական դուրսմղմանը։ Ինքը՝ Բագրատյանը, այս մասին հրաժարվում է հրապարակայնորեն խոսել, սակայն իր մտադրությունների մասին բաց և անկեղծ խոսում է ՀԱԿ անդամ պատգամավորների և այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ»,-գրում է թերթը։