Միջազգային կազմակերպությունները ՀՀ բնապահպանության նախարարին սթափության կոչ են անում
«Կովկասի բնության հիմնադրամը» և «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը» դադարեցնում են իրենց ֆինանսական աջակցությունը «Խոսրովի անտառ» արգելոցին ու պահանջում են բնապահպանության նախարարից չեղյալ համարել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար 23.11.2012թ. ՀՀ բնապահպանության նախարարությունում անցկացված մրցույթն ու հայտարարել նոր մրցույթ: Այս մասին ասուլիսում հայտարարեցին «Կովկասի բնության հիմնադրամ» Հայաստանի ազգային համակարգող Արման Վերմիշյանը և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:
Հիշեցնենք, որ «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցել է միայն Գաբրիել Պողոսյանը: Մրցույթի արդյունքում հայտարարվել է, որ նա ճիշտ է պատասխանել հարցաշարի 85%-ին: Գ. Պողոսյանը Արտաշատ քաղաքի ավագանու անդամ է եղել: Ըստ ներկայացված տվյալների` ՀՀԿ անդամ, թեպետ մրցույթից հետո հայտարարվեց, որ անկուսակցական է և ունի բարձրագույն կրթություն (սովորել է «Ռոստովի համալսարանում»):
Բանախոսները նշեցին, թե ինչ չափի ներդրումներ են արել արգելոցի պահպանման, զարգացման, կենդանիների պահպանման համար, ինչ ծրագրեր են իրականացրել արգելոցի տարածքում` ընդգծելով, որ այսուհետ որևէ գումար չեն հատկացնելու. «Այլևս չենք կարող աչք փակել»:
«Այն անձը, ով անցավ ու հավաքեց 85 տոկոս, չունի մասնագիտական կրթություն, ինչը որ պահանջվում է ՊՈԱԿ-ների մասին օրենքով: Արգելոցը գիտական կենտրոն է, պետք է ղեկավարն ունենա համապատասխան կրթություն»,- ասաց Կ. Մանվելյանը:
Նա կոչ արեց, որ եթե մրցույթի արդյունքները չեղյալ համարվեն, այն անձիք, ովքեր ցանկանում են մասնակցել մրցույթի, անպայման դիմեն:
«Ես դիտորդի կարգավիճակով հետևել եմ մրցույթի ամբողջ ընթացքին: Իմ կարծիքով, այդ մրցույթը հեռու էր մրցույթ լինելուց»,- ասաց Ա. Վերմիշյանը: Նա նշեց, որ իր հաշվարկներով այդ մարդը նույնիսկ 75 տոկոս չէր կարող հավաքել: Ա. Վերմիշյանը նշեց, որ պետք է ժյուրին էլ պատասախան տա:
Նրանք հույս ունեն, որ իրենց հայտարարությունները նախարարին կսթափեցնի, հակառակ դեպքում կդիմեն այլ քայլերի, օրինակ` կդիմեն դոնոր կազմակերպությունների իրենց միանալու համար:
Նախորդող նորություն` Նոնոն արգելոցի տնօրեն. Պահանջում են մրցույթն անվավեր ճանաչել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա