ՀՀ-ում ԻԻՀ դեսպանությունն արձագանքել է Ադրբեջանում Իրանի դեսպանի՝ Ղարաբաղի առնչությամբ արած հայտարարությանը
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանությունը չի մեկնաբանում այլ անձանց անձնական հայտարարությունները:
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մամլո խոսնակ Համիդ Մորադխանին Panorama.am-ի լրագրողի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաք Այինի՝ Լեռնային Ղարաբաղի առնչությամբ արած հայտարարությանը, թե «Իրանը Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք», մասնավորապես նշել է. «Իրանը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով: Մենք համոզված ենք, որ տարածաշրջանի երկրները իրենք կարող են լուծել իրենց խնդիրները: Իրանը պատրաստ է իր ջանքերը ներդնել խնդրի խաղաղ կարգավորման գործում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը չի փոխվել, ուստի, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանությունը չի մեկնաբանում այլ անձանց անձնական հայտարարությունները»:
Արցախյան հակամարտության ժամանակակից փուլը սկիզբ է առել 1988թ-ին, երբ ի պատասխան 1921 թ. խորհրդային Ադրբեջանին բռնակցված Արցախի (Լեռնային Ղարաբաղ) բնակչության ինքնորոշման խաղաղ պահանջին` Ադրբեջանի իշխանությունները էթնիկ զտումներ իրականացրեցին հայ ազգաբնակչության նկատմամբ նախ` Ադրբեջանի մեծ քաղաքներում, ապա Արցախում: 1991թ-ի սեպտեմբերին Արցախը հռչակեց անկախություն, որի արդյունքում Ադրբեջանը սաստկացրեց բռնությունները և սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ Արցախի դեմ: Ռազմաճակատում մի շարք պարտություններից հետո Ադրբեջանի իշխանությունները 1994թ. մայիսին ստիպված էին զինադադար խնդրել Արցախի Հանրապետությունից (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն): Ներկայումս հակամարտության կարգավորման բանակցությունները իրականացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների(Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) միջնորդությամբ` 2007-ի նոյեմբերին ներկայացված Մադրիդյան առաջարկների հիման վրա:
Նախորդող տեղեկատվություն՝Իրանի ԱԳ նախարար. Անհրաժեշտ է հարգել ժողովուրդների ինքնորոշման կենսական իրավունքը