Panorama.am-ը Իրանի դեսպանատանը. Իրանում հայկական հուշարձանները դիտվում են որպես ազգային ժառանգություն
«Իրանի ժողովուրդը իրանահայերի, նաև հենց հայ ժողովրդի հետ տարիներ շարունակ մոտ հարաբերություններ է ունեցել: Իրանահայերին մենք միշտ դիտել ենք որպես Իրանի ժողովուրդ: Բոլոր իրավունքները, որ ունի Իրանի մուսուլման ժողովուրդը, ունեն նաև ազգային փոքրամասնությունները` մասնավորապես հայերը: Պատմության ընթացքում միշտ դրական հայացքը է ուղղված եղել դեպի իրանահայերը: Դա արտացվոլված է նաև երկրի բարձրագույն փաստաթղթում` Օրենսդրության մեջ»,- նախքան Panorama.am-ի նախապես ուղղած հարցերի պատասխաններին անդրադառնալը, որպես «նախաբան» իր խոսքն այսպես սկսեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության երրորդ աստիճանի խորհրդական Համիդ Մորադխանին:
-Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում ի՞նչ հայկական հուշարձաններ կան:
-Իրանում հայկական պատմական ամենակարևոր հուշարձանները եկեղեցիներն են: Որոշ հայկական աղբյուրներ, այդ թվում Գյուլիստանի պալատում պահպանված նկարները և ազգային արխիվները վկայում են այն մասին, որ Սուրբ Ստեփանոս եկեղեցում պահպանվում են սուրբ Ստեփանոսի, Դանիել Մարգարեի և սուրբ Մաթևոսի ոսկորները: Եկեղեցիները հիմնականում 12-19-րդ դարերի ընթացքում են կառուցվել, մոտավորապես 30 եկեղեցի կա Սալմաստում, 15 եկեղեցի Թեհրանում, 30 եկեղեցի Ուրմիայում, 13 եկեղեցի Սպահանի Ջուղայում, 7 եկեղեցի Խոյում, 10 եկեղեցի Թաբրիզում, 10 եկեղեցի Արաքսի Ջուղայում և 4 եկեղեցի Մակու քաղաքում: Սրանք Իրանի հայկական 213 եկեղեցիների մի մասն են կազմում:
-Ո՞ւմ կողմից են պահպանվում, անհրաժեշտության դեպքում վերանորոգվում այդ հուշարձանները` պետության, թե իրանահայ համայնքի:
-Հայկական կենտրոնները և հուշարձանները շահագործվում և օգտագործվում են Իրանի հայ համայնքի կողմից, սակայն դրանց պահպանումը կառավարության պարտականությունն է: Կրոնական կառույցներին ավելի մեծ օգնություն ցուցաբերելու նպատակով Իրանի խորհրդարանն անցյալ տարի ընդունեց օրենք, որի համաձայն բոլոր սրբավայրերը, այդ թվում` մզկիթներն ու եկեղեցիները, ազատվում են կոմունալ ծախսերից, այդ թվում` ջրի, գազի, էլեկտրաէներգիայի վճարումից: Դա ինքնին ցույց է տալիս Իրանի կառավարության ուշադրությունը հայկական կրոնական կառույցների նկատմամբ: Իհարկե, Իրանի հայ համայնքը ևս լինելով ֆինանսապես ապահովված, օգնում է այդ հարցում:
-Ներկայում հայկական հուշարձանները ի՞նչ վիճակում են գտնվում:
-Միջազգային մշակութային կազմակերպությունները, այդ թվում նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Հայաստանի պետական պաշտոնյաները, գիտնականները, մշակույթի գործիչները և բոլոր նրանք, ովքեր տիրապետում են թեմային, հաստատում են, որ Իրանի հայկական հուշարձանները գտնվում են գերազանց վիճակում: Այս հուշարձանները առաջին հերթին գտնվում են Իրանի տիրապետության տակ գտնվող տարածքում և ցույց են տալիս կրոնական կողմնորոշումների ազատությունը Իրանում: Իրանում գոյություն ունի առնվազն երկու հարյուր հայկական եկեղեցի, որոնցից մի քանիսը չափազանց հին են և որոշ պատմիչների ենթադրությամբ, դրանք հիմնադրվել են աշխարհում քրիստոնեության ընդունման առաջին տարիներին: Սուրբ Թադեոսը և մի քանի այլ եկեղեցիներ գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում: Իրանը հայկական հուշարձանները դիտում է որպես ազգային ժառանգություն և սա է պատճառը, որ հայերը Իրանում ամենամեծ կրոնական փոքրամասնությունն են:
-Իսլամական երկրները հայկական հուշարձանների նկատմամբ ինչպիսի՞ վերաբերմունք ունեն:
-Իսլամը բարեգթության և բարության կրոն է, և հայերի ու քրիստոնեության նկատմամբ մուսուլմանների վերաբերմունքը եղել է բարեկամական և հանդուրժող: Ամենավառ օրինակը իսլամական Իրանն է, այնուհետև` Սիրիան ու Լիբանանը: Իսլամական երկրներում հայերը ապրել են փառքով և պատվով, հայկական հուշարձանները մահմեդական երկրներում մշտապես մեծարվել են, դրա վառ օրինակը Սիրիայի Դամասկոս և Հալեպ քաղաքների եկեղեցիներն են, այնուհետև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի եկեղեցին, որը ունի պատմական նշանակություն, իսկ սպասավորները ունեն առանձնահատուկ կարգավիճակ:
Մարոկկոյում և Թունիսում ևս հայկական պատմական հուշարձանները դիտվում են որպես հոգևոր ժառանգություն, այնուամենայնիվ, աշխարհում ոչ մի երկիր Իրանի չափ հայերին չի շնորհել հասարակական բարձր կարգավիճակ: Իսլամական երկրների վերաբերմունքը այս ասպարեզում համաչափ չի եղել:
Հ.Գ.Panorama.am-ը նախատեսում է շարք սկսել` պարզելու, թե ինչ վիճակում են Հայաստանից դուրս գտնվող հայկական մշակութային հուշարձանները: Այս շարքում Իրանն առաջինն էր ու ստանում է «լավ» գնահատական հայկական հուշարձանները պահպանելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան