Ֆինանսական խնդիրներ, ինտենսիվ աշխատանք, միջազգային մակարդակ. Հայկական բալետի ներկան ու ապագան
Դեկտեմբերի 1-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում սովորական թատերական ներկայացում չի լինելու, այլ դասական, ժամանակակից բալետի երեկո` «Ոգին շարժման մեջ խորագրով»:
Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Օպերայի և բալետի թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռոդոլֆ Խառատյանը:
Նրա խոսքով, թեև օպերային թատրոնի բեմը վերանորոգվում է, բայց իրենք շարունակում են փորձերը, ինչպես նաև հանդիսատեսին ներկայացնում բալետային արվեստը:
Այս պահին բալետային խումբն իր փորձերն անցկացնում է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դահլիճում:
Ինչ վերաբերում է դեկտեմբերի 1-ի բեմադրությանը, Ռ. Խառատյանն ասաց, որ երեկոյի ընթացքում ներկայացվելու են հատվածներ դասական, նաև ժամանակակից հայտնի բեմադրություններից: Նա նշեց, որ երեկոն կազմակերպվում է «Բալետ 2021» հիմնադրամի միջոցներով, որի հիմնադիրն ինքն է և նպատակն է` հայտնի պարողների, բեմադրիչների հրավիրել Հայաստան, ինչպես նաև հայ պարողների գործուղել այլ երկրներ:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ բալետային խումբը ոչ թե նոր բեմադրությամբ է ներկայանում հանդիսատեսին, այլ հին բեմադրություններից ինչ-որ հատվածներ է ներկայացնելու, բալետմայստերն ասաց, որ նոր բեմադրություն միշտ էլ կարելի է անել, բայց մեծ գումարներ են հարկավոր, որն իրենք չունեն:
Ընդհանրապես, ինչ խնդիրներ ունի այսօր բալետային խումբը հարցին Ռ. Խառատյանը տվեց արդեն հայերի համար սովորական դարձած պատասխան. «Խնդիրը մեզ մոտ միայն ֆինանսականն է»:
Նա նշեց, որ մի շարք պայմանավորվածություններ է ունեցել, որ հայտնի բեմադրիչներ գան Հայաստան բալետներ բեմադրելու համար, սակայն գումար չկա:
Չնայած առկա խնդիրներին, ըստ բալետմայստերի, եթե շարունակեն աշխատանքն ինտենսիվ, առանց կանգնելու, «կարծում եմ, որ շուտով, բայց չգիտեմ երբ` վաղը թե մեկ տարի անց, մենք կհասնենք միջազգային բալետային մակարդակին` թե ասելիքով, թե տեխնիկական հնարավորություններով»:
Օպերային թատրոնի բեմի վերանորոգումից հետո բալետային խումբը «Ժիզել» բեմադրությամբ հանդես կգա: Ռ.Խառատյանն ասաց, որ աշխատում են նաև «Համլետ»-ի վրա, որպեսզի կարողանան մասնակցել շեքսպիրյան փառատոների, հանդիսատեսին ներկայանալու է նաև Նարեկացու թեմաներով բեմադրությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա