Իրանցի պաշտոնյա. Հայկական ս. Ամենափրկիչ եկեղեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցելը մեր առաջնահերթություններից է
Իսֆահանի հայկական ս. Ամենափրկիչ եկեղեցին (Վանք) ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության պահպանության ցուցակում գրանցելը մեր կազմակերպության առաջնահերթություններից է:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է ԻԻՀ Իսֆահան քաղաքի մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության նախագահ Մոհսեն Մոսլեհին:
Իսֆահան քաղաքի մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության նախագահի խոսքով՝ հայկական ս.Ամենափրկիչ եկեղեցին Իսֆահանի պատմական արժեքավոր կոթողներից է, որտեղ ամեն տարի աշխարհի տարբեր երկրներից բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս:
Իսֆահանի Ջուլֆա թաղամասի հայկական ս.Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1658-1662թթ-ին, Սեֆյան Շահ Աբբաս 2-րդ թագավոր օրոք:
Նշենք, որ օրերս ԻԻՀ Մշակութային ժառանգության կազմակերպության փոխնախագահ Մասուդ Ալավիան Սադրը «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, խոսելով Իրանում գտնվող հայկական մշակութային կոթողների մասին, մասնավորապես նշել էր. «Իրանի Արևմտյան Ատրպատական (Արևմտյան Ազարբայջան) նահանգում գտնվող հայկական Ղարաքիլսա եկեղեցին Իրանի 9 պատմամշակութային կառույցների թվում արդեն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում: Արևմտյան Ատրպատականում՝ Մակուում, է գտնվում հայկական մյուս եկեղեցին՝ Սուրբ Մարիամը: Իրանում գտնվող մյուս կարևոր վանական համալիրը՝ դա Սուրբ Ստեփանոս (10-12-րդ դ.) հայկական եկեղեցին է, որը գտնվում է Արևելյան Ատրպատականում, Ջուլֆայում՝ Արաքս գետի ափին»:
Նախորդող տեղեկատվություն՝Թեհրանում կայացել է Հայաստանի և Իրանի մշակույթի նախարարների հանդիպումը
Երևանում գտնվող իրանական «Կապույտ մզկիթը» կընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում