Լիճքում ավելացել է օնկոլոգիական հիվանդությամբ տառապողների թիվը
Լիճք գյուղում ասբեստե խողովակներ են գցված, որոնցով բնակիչները ջուր են ստանում խմելու և ոռոգման համար: Այս մասին ահազանգում է «Էկոլուր»-ը ու հիշեցնում, որ 2005 թվականից ասբեստի օգտագործումն արգելվեց Եվրոպայում:
Ասբեստի օգտագործումն արգելված է ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Հունաստանում, Իտալիայում, Կիպրոսում: Պատճառը մարդկանց առողջությանը սպառնացող վտանգն է: Ասբեստը խթանում է հիվանդություններ, դրանցից են ասբետոզը, թոքերի քաղցկեղը եւ այլն:
Օնկոլոգիական հիվանդությունների ավելացման մասին խոսում է նաև Լիճքի գյուղապետ Հովիկ Միրզոյանը. «Քանի-քանի անգամ եմ ես դիմել, որ մեզ օգնեն, որ դուրս գանք էս վիճակից: …Տարիներ ի վեր համայնքը խմելու ջուրը ստանում է ասբեստի խողովակներից: Էդ խողովակը փաստորեն պատրաստված էր ոռոգման համար, մենք նախ չգիտեինք իրականում, որ էդպես վտանգավոր է: Մենք փաստորեն դա միացրեցինք, նոր արդեն զրույցներից իմացանք, որ ընդհանրապես արգելվում է: Դրա վտանգը բացատրում են հետևյալով, որ ջուրը հոսելուց էդ ասբեստյա բաներն էլ հետը լուծվելով, պարզ է, որ մենք չենք կարող նկատել աչքով դա… Բայց բացատրեցին, որ էդքան չկա, ինչքան որ դուք եք պատկերացնում: 86 թվից 26 դեպք է եղել քաղցկեղից մահացության: Մահացության դեպքերը ընդհանրապես շատը կապեցինք մենք դրա հետ…Բայց էդ էլ ասեմ, ես պահանջել եմ, եկել են տարել են, անալիզ են արել առավել ևս զորամասի պահով: Պաշտպանության նախարարությունը հատուկ մարդ ուղարկեց, սանէպիդկայանը պարտադիր գալիս է: Մեզ պատասխանեցին, իտոգում, փաստորեն վտանգ չկա: …Սեպտեմբերի 9-ին ես նորից վերընտրվեցի:…. Փաստորեն հիմնական հատվածը 800 մետր երկաթի է, ու շարունակությունը կոնկրետ էս պահին ունենք 1 կմ, որ փոխենք ու մեզ մնալու է 700-800 մետր, ու շատ հավանական է, որ պարոն մարզպետը էդ հարցերը լուծի: Գարունը շատ հավանական է, մինչև մայիս ամիսը ոնց էլ լինի ես պիտի ավարտեմ»:
Ըստ աղբյուրի, ապամոնտաժված խողովակներն իրենցից ավելի մեծ վտանգ են ներկայացնում: Ցավոք, սանէպիդկայանը, որը պետք է արձագանքի ահազանգին, որ գյուղը մտադիր է ապամոնտաժել ասբեստե խողովակները, ոչ մի կերպ չի արձագանքել:
«Էկոլուրը» հիշեցնում է, որ Հայաստանը 1999թ-ից վավերացրել է Բազելի կոնվենցիան, որը ասբեստը համարում է թունավոր թափոն: Բնապահպանության նախարարությունը միջազգային ֆորումներում հաջողությամբ զեկուցում է, թե ինչպես է կատարվում Բազելի կոնվենցիան: Իսկ այն մասին, թե ինչ է կատարվում Լիճք գյուղում 2-ից ավելի կմ երկարությամբ ապամոնտաժված խողովակների հետ, ոչ ոք չգիտի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները