Իրանի Արևելյան Ազարբայջանի նահանգապետ. Մենք շահագրգռված ենք Հայաստանում ներդրումներ կատարել
Մենք ամբողջությամբ պատրաստ ենք հայկական կողմերի հետ ընդլայնել համագործակցությունը առևտրատնտեսական ոլորտում:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Թավրիզում ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ Արևելյան Ազարբայջանի (Արևելյան Ատրպատական) նահանգի նահանգապետ Ալի Ռեզա Բեյգին:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, անդրադառնալով Իրանի Արևելյան Ազարբայջան նահանգի և Հայաստանի Արմավիրի մարզի միջև համագործակցության հեռանկարներին, մասնավորապես նշել է. «Հաշվի առնելով Արմավիրի մարզում գյուղատնտեսության ոլորտում առկա հնարավորությունները և Արևելյան Ազարբայջանի գիտատեխնիկական բազան՝ շահագրգռված ենք մեր ներդրումներն ուղղել Հայաստան և գյուղատնտեսության ոլորտում ընդլայնել երկկողմ համագործակցությունը»:
Իրանի Արևելյան Ազարբայջանի նահանգապետը շեշտել է, որ Իրանն ու Հայաստանը պետք է մասնավոր ոլորտում իրենց բոլոր հնարավորություններն օգտագործեն, որպեսզի ամենաարագ ժամկետներում զարգանան երկկողմ հարաբերությունները:
ՀՀ Արմավիրի մարզպետն էլ իր հերթին նշել է, որ Հայաստանն ու Իրանը բարեկամ երկրներ են, ուստի տարբեր ոլորտներում պետք է զարգացնեն երկկողմ հարաբերությունները:
Նախորդող տեղեկատվություն՝
ԻԻՀ Արևելյան Ազարբայջան նահանգի և Արմավիրի մարզի միջև հակակարկտային կայանների գնման մասին պայմանագիր է ստորագրվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան