«Ժողովուրդ». «ՀՅԴ-ն դեմ է, որ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվի Գագիկ Ծառուկյանը»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՅԴ-ն դեմ է, որ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվի Գագիկ Ծառուկյանը: «Դաշնակցականները մի շարք ԲՀԿ-ականների հետ հանդիպման ժամանակ տարակուսանք են հայտնել, թե Ծառուկյանն ինչպես պետք է բանավիճի Սերժ Սարգսյանի հետ, և իրենք, լինելով 120-ամյա կուսակցություն, ինչպես պետք է կանգնեն ԲՀԿ առաջնորդի կողքին»,- գրում է թերթը:
ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն անդրադառնալով հարցին, թե «Ինչո՞ւ եք դեմ, որ միասնական թեկնածուն լինի Գագիկ Ծառուկյանը», նշել է. «Ես տեղեկություն չունեմ, որ մենք նման պաշտոնական տեսակետ ունենք, և չեմ կարող հաստատել այդ ամենը, քանի որ նման վերջնական տեսակետ չկա։ Անձի հարցն այս փուլում չի քննարկվում, և անձի հետ կապված անհամաձայնության մասին ժամանակից շուտ է խոսել։ Եթե դա մենք անենք այս փուլում, ապա կձախողենք համագործակցության հնարավորությունները»: