Ր. Հովհաննիսյան. Հայաստանը տուժում է իր «ծույլ» արտաքին քաղաքականության պատճառով
Հայաստանը տուժում է իր «ծույլ» արտաքին քաղաքականության պատճառով: Անդրադառնալով Բաքու կատարած իր այցելությանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նշենք, որ Ր. Հովհաննիսյանը նոյեմբերի 21-23-ը մեկնել էր Բաքու` մասնակցելու Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային խորհրդաժողովի 7-րդ ասամբլեայի նիստին:
«Ազգային մեկուսացվածության մեջ ազգային շահերը չեն պաշտպանվում: Իմ քայլը սխրանք չէր, սովորական քայլ էր, որ պետք է մշտապես արվի: Մենք տուժում ենք մեր ծույլ արտաքին քաղաքականության պատճառով, որը բխում է մեր ներքին ժողովրդավարական դրվածքից»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ադրբեջանում 1000 հոգով աշխատում են և մեկ տեսակետ են հայտնում։ Մեզ մոտ՝ հարյուր տարբեր տեսակետներ: Հայաստանը պետք է ներկայացված լինի ամենուր կամ որտեղ որ հնարավոր է՝ դիվանագիտական ձախողությունն ու դատարկությունը վերացնելու համար»,- հավելեց բանախոսը:
Ր. Հովհաննիսյանը հատուկ ընդգծեց այն հանգամանքը, որ համաժողվին ներկա 25 երկրների ներկայացուցիչներից շատերը առաջին անգամ էին լսում ԼՂ հակամարտության վերաբերյալ հայկական տեսակետը:
«Մի շարք երկրներ՝ Ինդոնեզիան և այլ երկրները, առաջին անգամ էին լսում հայկական տեսակետները ղարաբաղյան հարցի կապակցությամբ: Մինչ այդ նրանք բազմիցս լսել էին միայն ադրբեջանական հռետորական ելույթների տարափը: Իմ ելույթից հետո շատերը մոտեցան և իրենց զորակցումը հայտնեցին: Յուրաքանչյուրն իր տեսակետի իրավունքը ունի, բայց դա պետք է հավասարակշռվի ազգային շահերի հետ: Մի ամբողջ պետություն պետք է լծվի ազգային շահերին և դուրս բերի երկիրը անդունդից»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը: