«Մարտիմեկյան իրադարձությունների զոհերի հարազատները, ի տարբերություն ջարդված խանութների, փոխհատուցում չեն ստացել»
Ազգային ժողովի պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնելով կառավարության համապատասխան որոշումները, հայտարարեց, որ 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ 10 զոհերի հարազատները կառավարությունից փոխհատուցում չեն ստացել:
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՀԱԿ ներկայացրած մարտյան դեպքերի հետ կապված ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրեց կառավարության մի քանի որոշումներ, որոնց համաձայն «Երևան» հիմնադրամին 73 մլն 942 հազար դրամ գումար է հատկացվել Երևանում մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունները վերացնելու նպատակով որպես պետական օժանդակություն:
«Ես կարող եմ ավելին ասել` այդ պետական օժանդակությունը փոխհատուցվել կամ տրվել է իբր ջարդված խանութների սեփականատերերին: Կառավարության մի քանի որոշումներով 12 քաղաքացիների տրվել է օժանդակություն: Բայց սպանվածների հարազատներին ոչ մի դրամ մեր իշխանությունները չեն փոխհատուցել», -հայտարարեց Ջհանգիրյանը:
Նիստի քննարկման ավարտին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ Ջհանգիրյանի զեկույցից հետո իր մոտ մի շարք հարցեր են առաջացել և ինքը պետք է հարցեր ուղղի համապատասխան կառույցներին, հետևաբար նրա առաջարկությամբ նախագծի քննարկումը հետաձգվեց մինչև երկուշաբթի: Մասնավորապես, նա ասաց, որ «Երևան» հիմնադրամի հետ կապված հարցը ինքը ճշտելու կարիք է տեսնում և այդ մասով էլ հարցադրում կներկայացնի կառավարությանը:
Նշենք, որ այսօր հանձնաժողովի նիստին մասնակցում էին նաև մարտյան իրադարձությունների ժամանակ տասը զոհերի հարազատները, որոնցից մի քանիսը Ջհանգիրյանի զեկույցի ժամանակ նույնիսկ հուզվեցին:
Հարակից հրապարակում. ՀՔԾ-ն և Գլխավոր դատախազությունը պարտակել են մարտյան հանցագործությունները. Ջհանգիրյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները