Հացահատիկի համաշխարհային շուկայի տենդենցները
Հացահատիկի համաշխարհային գների ինդեքսը GOI (Grains and Oilseeds Price Index), որն իր մեջ է ներառում ցորենի, եգիպտացորենի, բրնձի, սոյայի և այլ հացահատիկային մշակաբույսերի միջինացված գները, այս տարվա հունիս-հուլիս ամիսների ընթացքում գրանցեց կտրուկ աճ, հուլիսին հասնելով բարձր նիշի:
Այդ ինդեքսը 2011 թ.-ի հունվարից սկսած ամբողջ տարվա ընթացքում անկում էր գրանցել: Եթե ցորենի, սոյայի և եգիպտացորենի գները միանման վարքագիծ են ցուցաբերում, ապա բրնձի գները մայիս ամսից նույնիսկ նվազել են:
Հիշեցնենք, որ ցորենի գինը համաշխարհային շուկայում 2000 թվականից սկսած իր առավելագույն նիշին էր հասել 2008 թվականին, 2011 թվականի հունվարին և այս տարվա երկրորդ կիսամյակին: Ներկա դրությամբ Չիկագոյի ապրանքային բորսայում ցորենի 1 բուշելի (27,3 կգ) գինը կազմում է 8.87 ԱՄՆ դոլար (կամ 324 ԱՄՆ դոլար/տոննա)։ Ավելացնենք, որ 1 տոննա ամերիկյան US HRW տեսակի արտահանվող ցորենի FOB գինը ներկա պահին կազմում է՝ $379 (2011թ.-ի նոյեմբերի 27-ին այն կազմել է $287), US 3YC տեսակի եգիպտացորենի գինը կազմում է $336 ($262), Thai 100% B տեսակի բրնձի գինը կազմում է $560 ($636), US N2 տեսակի սոյայի գինը՝ $574 ($441), իսկ EU-France (Rouen) գարու գինը կազմում է $319 ($247):
Համաշխարհային շուկայում ցորենի գների աճը պայմանավորված է ցորենի արտադրության կրճատման և անցումային պաշարների (պահուստների) նվազման հետ: Ըստ վերջին կանխատեսումների ենթադրվում է ցորենի 655 մլն. տոննա բերք, այն դեպքում, երբ պահանջարկը գնահատվում է 679 մլն. տոննա, այսինքն ցորենի պահանջարկը գերազանցելու է առաջակին՝ մոտ 22 մլն. տոննայով, որի տարբերությունը փակվելու է անցումային պաշարների հաշվին: Իսկ առաջարկի կրճատումը իր հերթին պայմանավորված է եղել նախևառաջ ԱՄՆ-ում ռեկորդային երաշտով, որը վերջին 50 տարում ամենաուժեղն էր և ընդգրկել էր ավելի քան 26 նահանգ, հատկապես Միացյալ Նահանգների ցորենի շտեմարանը՝ Միջին Արևմուտքը: Դա ազդեց միջազգային գների վրա, քանի որ ԱՄՆ-ը հացահատիկի հիմնական արտահանողներից է (միջազգային գործարքների մոտ 30%-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին): Երաշտի պատճառով նվազեց նաև Ռուսաստանի հարավային շրջաններում և Սև ծովյան տարածաշրջանում հացահատիկի բերքը:
Նմանատիպ խնդիրներ առաջացան նաև Եվրամիության մի շարք երկրներում, Ավստրալիայում, Արգենտինայում, Ուկրաինայում, Ղազախստանում, որոնք նույնպես ցորեն արտահանող հիմնական երկրներն են: Միաժամանակ երկրագնդի որոշ շրջաններում ընդհակառակը դիտարկվեց հորդառատ անձրևներ, ջրհեղեղներ և ցրտահարություններ ամառվա ընթացքում, որը նույնպես պատճառ դարձավ այդ տարածաշրջաններում հացահատիկի բերքի փչացմանը:
Եգիպտացորենի բերքը այս տարի նույնպես վատ է եղել: Ընդհանրապես եգիպտացորենի շուկայում վերջին 4-5 տարում դիսբալանս է՝ վերջին տարիներին եգիպտացորենի նկատմամբ պահանջարկը գերազանցում է առաջարկին, արդյունքում մի քանի տարի է նվազում են եգիպտացորենի անցումային պաշարները, այդ պատճառով եգիպտացորենի գները նույնպես աճ են գրանցել: Եգիպտացորենի նկատմամբ պահանջարկը հիմնականում ձևավորվում է սննդարդյունաբերության, անասնապահության և էթանոլի արտադրության կողմից: Եթե առաջարկի կրճատման պատճառը վատ բերքն է եղել, ապա պահանջարկի անկումը պայմանավորված է եղել եգիպտացորենի բարձր գներով: Եգիպտացորենի հիմնական արտահանող երկրներն են Բրազիլիան, Մեքսիկան, ԱՄՆ-ը, Արգենտինան, Ուկրաինան:
Ինչպես եգիպտացորենը, սոյան նույնպես օգտագործվում է արդյունաբերական նպատակներով, դրա կիրառությունը հատկապես ԱՄՆ-ում բավականին մեծ է: Այս տարվա ընթացքում սոյայի գինը նույնպես աճել է: Շուկան հավասարակշռված է` կանխատեսվում է սոյայի և´ արտադրության, և´ սպառման ծավալների աճ, ինչպես նաև պահուստային պաշարների ավելացում: Այն կարևոր գյուղատնտեսական մշակաբույս է, հիմնականում օգտագործվում է բուսական յուղերի արտադրության համար: Սոյայի պարունակության 20-25%-ը բուսական յուղ է, իսկ համաշխարհային բուսական ծագման յուղի 38-40%-ը ստանում են սոյայից: Սոյայի դերը հետագայում ավելի կարևոր է լինելու և դրա նկատմամաբ պահանջարկը աճելու է: Սոյա արտահանում են հիմնականում ԱՄՆ-ը, Արգենտինան և Բրազիլիան:
Ինչ վերաբերում է բրնձին, ապա ինչպես նշեցինք այս տարվա ընթացքում բրնձի գինը նվազել է, առաջարկի պաշարները կանխատեսվում են` 465 մլն տ., պահանջարկի` 466 մլն տ., իսկ անցումային պաշարները` 102 մլն տ.: Համենայն դեպս ամբողջական պահանջարկը 1 մլն. տոննայով գերազանցելու է առաջարկին: Բրինձ արտահանող հիմնական երկրներն են՝ Հնդկաստանը, Պակիստանը, Թաիլանդը, Վիետնամը:
Ներկայումս ընդհանուր առմամբ հացահատիկի համաշխարհային շուկան դեֆիցիտային է` որտեղ արտադրությունը կանխատեսվում է 1761 մլն տ, պահանջարկը 1805 մլն տ., անցումային պաշարները 328 մլն տ: Նշենք, որ 2011-2012 թ.-ի սեզոնի համեմատ միաժամանակ նվազել են հացահատիկի և´ արտադրության, և´ պահանջարկի, և´ պահուստային պաշարների ծավալները: Այնուամենայնիվ այս տարի հացահատիկի մատակարարումների խափանումներ չեղան և ֆիզիկական դեֆիցիտ չստեղծվեց: Հիմնական խնդիրը հացահատիկի գնի բարձրացումն է եղել, որը գլոբալ առումով ոչ վճարունակ խավերի համար սոցիալական խնդիրների խորացման պատճառ դարձավ:
Ամբողջ աշխարհում շարունակվում է ուրբանիզացիան, կրճատվում են բարեբեր հողերի մակերեսները: Չինաստանում գյուղացիները մասսայաբար տեղափոխվում են քաղաքներ՝ այս տարի առաջին անգամ Չինաստանի քաղաքային բնակչությունը գերազանցել է գյուղականին: Կլիմայական փոփոխությունները մեծացնում են բնական կատակլիզմների հավանականությունը, որն անընդհատ ավելի է բարդացնելու գյուղատնտեսական աշխատաքները: Կլիմայի փոփոխությունները նույնպես հանգեցնում են պիտանի հողամակերեսի կտրուկ նվազման։ Վերջին տասնամյակներում հացահատիկի համաշխարհային ցանքատարածքների մակերեսի մեծացում չի եղել, այլ նույնիսկ նվազման միտում կա, ներկայումս այն կազմում է մոտ 700 մլն. հեկտար: Ճիշտ է թեև այն փոխհատուցվում է բերքատվության աճով, սակայն ենթադվում է, որ այսուհետև հացահատիկների արտադրության և պահուստային պաշարների զգալի աճի տեմպեր չեն լինելու:
Միաժամանակ հողերի ավելի մեծ տարածքներ են հատկացվում կենսավառելիքի ստացման համար անհրաժեշտ մշակաբույսերի աճեցման համար: Իսկ կենսավառելիքի օգտագործման ծավալների աճի իներցիան բերելու է նրան, որ դժվար կլինի հետագայում հրաժարվել գյուղատնտեսական հողերը կրկին գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակներով օգտագործելուց։ Բազմաթիվ տարածաշրջաններում ավելի ու ավելի շատ ֆերմերներ այլևս շահագրգռված չեն գյուղմթերքների արտադրությամբ զբաղվելու և կապիտալը տեղափոխում են այլ ոլորտներ: Այս իրավիճակը նպաստում է գյուղատնտեսական մթերքների` հատկապես հացահատիկի համաշխարհային շուկայում դեֆիցիտի ձևավորմանը և գների հետագա բարձրացմանը։ Ենթադրվում է ագֆլյացիայի փուլ, որտեղ մթերքների գների աճը կբերի մյուս ապրանքների պահանջարկի գների աճին:
Գյուղատնտեսության արդյունավետությունը այն արագությամբ չի աճում, ինչպես համաշխարհային տնտեսության աճը, բնակչության աճը, ուրբանիզացիայի տեմպերը կամ գյուղմթերքների սպառման ծավալները: Բնականաբար ամեն տարի գյուղատնտեսության մեջ հնարավոր են և´ բարեբեր տարիներ, և´ ոչ բարեբեր տարիներ, վատ բերքին հաջորդում է լավ բերքը և հակառակը, այդ թվում հացամթերքների շուկայում հնարավոր է ավելցուկային և պակասորդային վիճակներ: Այս ամենը հուշում են, որ հացահատիկի գները ապագայում էականորեն չեն իջնելու և ընդհակառակը հնարավոր են գների աճ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են