«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի»-ում խախտվում են աշխատողների իրավունքները. Նամակ նախարարին
Հայաստանի Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Իրինա Մանուկյանը «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերությունում աշխատողների պայմանների հետ կապված խնդիրներով նամակ է ուղարկել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին` խնդրելով ուշադրություն դարձնել այդ խնդրի վրա:
Նամակում ասվում է հետևյալը. «2008 թվականից մինչ այսօր մեր գրասենյակ են դիմում Կապան քաղաքի բնակիչներ, որոնք աշխատել կամ աշխատում են «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերությունում և ունեն խնդիրներ գիշերային աշխատանքից առաջացած աշխատավարձի և դրանց տուգանքի չվճարման հետ կապված:
Մեր ունեցած տեղեկություններով «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերությունում աշխատում են կամ այլևս չեն աշխատում բազմաթիվ քաղաքացիներ, որոնք չեն ստացել 2005 թվականից մինչև 2009 թվականը ընկած ժամանակահատվածի գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար նախատեսված հավելումները, իսկ մի մասն էլ ստացել է սահմանված ժամկետների խախտումով և գործատուն աշխատավարձի վճարման կետ անցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողներին չի վճարել տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով:
Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 184-րդ հոդվածի` Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով: Համաձայն նույն օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի` «Եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է սույն օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետ անցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողինվ ճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսիչափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը»:
Մեր կարծիքով, պատկան մարմինների` մասնավորապես աշխատանքային տեսչության կողմից պատշաճ ուշադրության չի արժանանում այս հիմնախնդիրը և այստեղ առկա են կոռուպցիոն ռիսկեր, ուստիև խնդրում ենք զբաղվել այս հարցով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ պարբերության 3-րդ կետի դրույթներով՝խնդրում եմ տալ Ձեր պարզաբանումները վերոգրյալի կապակցությամբ: Քաղաքացիների շահերից ելնելով, Ձեր պատասխանը ակնկալում եմ ստանալ 10-օրյա ժամկետում»: