...Երբ իրավապահ մարմինները մնացել են մի կնոջ հույսին. «Մատաղիսի գործ»
Աղմկահարույց «Մատաղիսի գործով» իրական հանցագործները բոլորի համար հայտնի են, իսկ ամբաստանյալի աթոռին նստած երեք երիտասարդները մեղավոր չեն, նրանց դեմ ապացույց չկա: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց գործով մեղադրյալ համարվող երեք տղաների` Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ 2005 թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության մեջ մեղավոր էր ճանաչել «Մատաղիսի» զորամասի զինծառայողներ Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին նույն զորամասի երկու զինծառայողների սպանության համար և դատապարտել 15 տարվա ազատազրկման։
Զինվորական դատախազությունը (այն ժամանակ զինդատախազը ներկայիս ընդդիմադիր Գագիկ Ջհանգիրյանն էր) բողոքարկել է դատավճիռը՝ միջնորդելով ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման։ Ամբաստանյալներն իրենց հերթին բողոքարկել են դատավճիռը՝ հերքելով իրենց մեղսագրվող արարքները և խնդրել են վերանայել գործը։ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2006 թ. մայիսի 30-ին Ա. Զալյանին, Ռ. Սարգսյանին և Մ. Սերոբյանին դատապարտել է ցմահ ազատազրկման։
Սպանված զինծառայողներից մեկի` Հովսեփ Մկրտումյանի հայրը` Մովսես Մկրտումյանը, ելնելով գործում առկա բազմաթիվ հակասություններից, ներկայացրել է վճռաբեկ բողոք, որտեղ նշել է, որ գործի քննությունը կատարվել է քրեական դատավարության նորմերի խախտումներով, որոնք ազդել են գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննության վրա, որի արդյունքում զինծառայողների սպանության իրական կատարողները երկու դատավարությունների ընթացքում չեն մեղադրվել, գտնվել են ազատության մեջ, և նրանց փոխարեն ցմահ ազատազրկման են դատապարտվել երեք անմեղ զինծառայողներ։
2006 թ. դեկտեմբերի 22-ին, սպանությունից մոտ երեք տարի հետո, ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է տուժողի իրավահաջորդի՝ սպանված զինծառայողի հոր ներկայացուցչի բողոքը, բեկանել է Ռ. Սարգսյանի, Մ. Սերոբյանի և Ա. Զալյանի վերաբերյալ դատավճիռները և քրեական գործն ուղարկել նոր նախաքննության։ Այժմ երեք երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ դատավարությունը շարունակվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: 2012-ի հոկտեմբերի 30-ին այս գործով դատարանը անցել է դատական վիճաբանությունների փուլ, երբ գործով մեղադրողները պետք է հանդես գային իրենց ճառով, սակայն դրանից հետո, մինչ օրս, որի ընթացքում արդեն իսկ նշանակվել է 4 դատական նիստ (նոյեմբերի 7-ին, 14-ին, 19-ին, 23-ին), մեղադրողները տարբեր պատրվակներով, մասնավորապես արձակուրդում գտնվելու, հիվանդ լինելու կամ գործի նյութերին չտիրապետելու պատրվակներով, ձախողել են դատական նիստերը:
«Գլխավոր դատախազությունը որոշել է զարտուղի ճանապարհներով փրկել մեղադրանքը և սկսել է ձեռնարկել այնպիսի միջոցառումներ, որոնք ոչ միայն օրենքի, այլ նաև բարոյականության տեսանկյունից քննադատելի են», -այսօրվա ասուլիսում հայտարարեց Հայկ Ալումյանը: Վերջին դատական նիստերի ընթացքում պաշտպանական կողմն անընդհատ սպասել է, թե մեղադրողները կհրաժարվեն մեղադրանքից, սակայն այդպես չի եղել:
«Հանկարծ դատարանում հայտնվեց երիտասարդ կնոջ մի դիմում, որը հայտարարել էր, թե իբր Ռազմիկը իրեն ասել է, որ «նայի, դու իմ տռուպը չլինես»: Մենք միջնորդեցինք, որ կինը հրավիրվի դատարան, և հենց դատարանում հարցաքննության ժամանակ նա ասաց, որ ինքը նման բան Ռազմիկից երբևէ չի լսել, իսկ երբ մեղադրողը հարցրեց, թե ինչո՞ւ եք նման բան գրել, կինն էլ պատասխանեց այսպես` դուք եք ստիպել, որ գրեմ», -պատմեց պարոն Ալումյանը:
Այդ նիստից հետո սկսեց մեղադրող կողմը անընդհատ դատական նիստերը հետաձգել, և այժմ, ինչպես հայտարարեց փաստաբանը, իրենք հասկացել են` ինչու: «Հանկարծ իմացանք, որ դատախազությունը պատահական չի ձգձգում նիստերը. Այս ձգձգումների քողի տակ քայլեր են ձեռնարկվում, որ այդ երիտասարդ տիկնոջ նկատմամբ ճնշում գործադրեն, որպեսզի նա գա և սկսի վկայել մեղադրյալներից մեկի դեմ: Հիմա փորձում են իրենց մեղադրանքը նման զարտուղի ճանապարհներով առաջ տանեն», -բացատրեց Ալումյանը:
Կինը, որը ըստ ներկայացվածի, ընկել է դատախազության ճնշման տակ, ամբաստանյալ Ռազմիկ Սարգսյանի նախկին ընկերուհին է, որի հետ երեք տարի ապրելուց հետո նա բաժանվել է: Այդ բաժանության պատճառով էլ կինը, փորձելով վրեժ լուծել, ոստիկանությանը սկզբում հաղորդել է, որ Ռազմիկ Սարգսյանն իրեն բռնաբարել է, այնուհետև երբ Ռազմիկի մեղքը չի հաստատվել, նորից հաղորդում է տվել, որ Ռազմիկն իրենից գումար է հափշտակել: Սակայն դա էլ չհաստատվեց: «Այսքանից հետո, երբ դատախազությունը տեսավ, որ պատրաստի կադր կա, որին կարելի է օգտագործել այս եղանակով Ռազմիկ Սարգսյանի դեմ, գործի անցավ», -եզրակացրեց փաստաբանը:
Նա և իր պաշտպանյալները տարօրինակ են համարում, որ զինդատախազությունում ղեկավարության փոփոխությանը զուգահեռ, գործելակերպը չի փոխվել: «Մենք մտածում էինք, որ նոր ղեկավարությունը կաշկանդված չի լինի նախորդ ռեժիմի արած սխալներով և թույլ տրված սխալները դատական պրոցեսում կուղղվեն: Բայց մենք հիմա զգում ենք, որ զինդատախազության ոճը չի փոխվել», -նկատեց փաստաբանը:
Նրա խոսքով, սուտ մատնության համար կնոջ դեմ դատախազությունը քրեական գործ չի հարուցում և նրան դարձնում է իր վերահսկողության օբյեկտ: Ահա այս պատճառով էլ, ըստ փաստաբանի, կինը հայտնվել է դատախազության թիրախում ու կարող է «դատախազության համար հարմար հայտարարությամբ հանդես գալ»: «Այսօր դատախազությունը հենց այդ պատճառով դատարանում գործի քննությունը հետաձգում է, որովհետև այլ ապացույց գոյություն չունի», -հավելեց պաշտպանը:
Նախորդող հրապարակում. «Մատաղիսի գործով» դատախազությունը զբաղված է ստվերային գործունեությամբ. Հայտարարություն