«Google+»-ի ղեկավարը «Facebook»-ն անվանել է անցյալի սոցցանց
«Google» կորպորացիայի փոխնախագահ Բրեդլի Հորովիցը, ով պատասխանատու է «Google+» սոցցանցի զարգացման համար, հայտարարել է, թե «Facebook»-ն անցյալի սոցցանց է:
Այս մասին, «Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, Հորովիցն ասել է «Business Insider» կոնֆերանսի ժամանակ:
«Google» կորպորացիայի փոխնախագահի խոսքերով, «Facebook»-ն այլևս չի համապատասխանում իրական կյանքի պահանջներին: Մարդիկ պետք է հնարավորություն ունենան շփվել ընկերների հետ, չներգրավելով զրույցում այլոց: Իսկ զրույցները պետք է «նորմալ» լինեն, ոչ թե 140 նշաններից բաղկացած ֆրազներից, ինչպես «Twitter»-ն է:
Բացի այդ, «Google+» սոցցանցի ղեկավարը քննադատել է «Facebook»-ի օգտատերերի էջերին գովազդի առկայությունը, ինչն, ըստ նրա, արդյունավետ չէ, քանի որ չի համապատասխանում օգտատերերի արդի պահանջներին: Միաժամանակ, հարցին՝ հնարավոր է արդյոք «Google+»-ում ևս գովազդ հայտնվի, Հորովցը նշել է, թե դա կլինի միայն այն դեպքում, եթե ստեղծվի այն ներկայացնելու ամենաարդյունավետ ձևը, առանց նյարդայնացնելու օգտատերերին:
Հիշեցնենք, «Google+» սոցցանցը գործարկվել էր 2011 ամռանը: Մեկ տարվա ընթացքում ցանցում գրանցվել է մոտ 400 միլիոն օգտատեր: Չնայած այս աճին, որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել սոցցանցում օգտատերերի նվաղ ներգրավվածությունը: Նշվում է, թե «comScore»-ի վերլուծությունների համաձայն, 2012 թ-ի հունվարին միջին օգտատերը սոցցանցում անցկացրել է ընդամեը 3 րոպե, մինչդեռ «Twiiter» միկրոբլոգների ցանցում այդ թիվը կազմում է 21 րոպե, իսկ «Facebook»-ում՝ 405: