ՀՀ նախագահ. Հայաստանի և Թուրքմենստանի միջև առկա համագործակցությունը ավելի մեծ պոտենցիալ ունի
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Նախագահական նստավայրում հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով, որին նախորդեց ՀՀ և Թուրքմենստանի նախագահների համատեղ հայտարարության ստորագրման արարողությունը:
«Ես ուզում եմ իմ բավականությունը հայտնել Թուրքմենստանի նախագահի հետ հանդիպումից, մենք ունեցանք բավականին դրական ու առարկայական զրույց, որի ընթացքում քննարկեցին բազմապիսի հարցեր ու մեր համագործակցության հեռանկարները»,- իր խոսքում նշեց Սերժ Սարգսյանը:
ՀՀ ղեկավարը նշեց, որ Հայաստանի և Թուրքմենստանի համագործակցությունը տարբեր ոլորտներում արդյունավետ է, սակայն այդ համագործակցությունը ավելի մեծ պոտենցիալ ունի` ի շահ երկու ժողովուրդների: Սերժ Սարգսյանը մատնանշեց, որ օրինակ` առևտրաշրջանառության մակարդակը ավելին կարող է լինել, քան արձանագրում ենք այսօր:
Սերժ Սարգսյանը նշեց, որ առանձնահատուկ շեշտվել է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը և երկու երկրների գործարար շրջանակների սերտ շփումը. «Այս կոնտեքստում Թուրքմենստանի նախագահն առաջարկել է հաջորդ տարի Թուրքմենստանում անցկացնել մեծ բիզնես ֆորում, որը լավ լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին»,- նշեց ՀՀ նախագահը:
Նախքան մամլո ասուլիսի մեկնարկը Հայաստանի և Թուրքմենստանի կառավարությունների միջև մի շարք համաձայնագրեր ստորագրվեցին: Դրանց թվում նաև օդային հաղորդակցման մասին: Արդեն ասուլիսում հանրապետության ղեկավարը կարևորեց երկրների միջև օդային հաղորդակցությունը, ինչը, ըստ Սերժ Սարգսյանի, կնպաստի զբոսաշրջության զարգացմանը:
Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը. «Զրույցի ժամանակ ես ևս մեկ անգամ արտահայտեցի իմ սկզբունքային դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով. հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով` միջազգային իրավունքների նորմերի համաձայն»,- շեշտեց նախագահը: