Թուրքմենստանի արտգործնախարարը Երևանում համերգ է դիտել
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 28-ին հանդիպել է Երևան ժամանած Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովին, տեղեկացնում են ԱԳ լրատվական ծառայությունից: Հանդիպմանը նախարարներ Նալբանդյանն ու Մերեդովը ընդգծել են, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի այցելությունը Հայաստան կարևոր հանգրվան է երկու երկրների հարաբերություններում և լավ հնարավորություն է ամփոփելու քսանամյա միջպետական հարաբերությունների ընթացքում ունեցած ձեռքբերումները և նախանշելու համագործակցության զարգացման նոր հեռանկարներ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկու երկրների փոխգործակցության լայն շրջանակի, մասնավորապես իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացմանը, մշակութային և գիտակրթական համագործակցության խորացմանը:
Նոյեմբերի 28-ի երեկոյան Հայաստանի և Թուրքմենստանի արտգործնախարարները ներկա են գտնվել հայ-թուրքմենական բարեկամությանը նվիրված համերգին: