Գեղարքունիքում սիբիրախտի նոր դեպքեր են գրանցվում. Կարանտինը երկարաձգվում է
Սիբիրախտ հիվանդության նկատվելու օրվանից՝ 2012թ հոկտեմբերի 17-ից, մինչ այժմ հոսպիտալացվել են 55 կասկածվող հիվանդներ, որոնց մոտ, բարեբախտաբար, նկատվել է հիվանդության մաշկային ձևը: Այս մասին Գեղարքունիքի մարզպետարանում Վարդենիսի տարածաշրջանում կենդանիների սիբիրախտ հիվանդության կանխարգելման միջոցառումներ իրականացնող հանձնաժողովի նիստում հայտարարել է Սաշիկ Գինոյանը, ով հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության Գեղարքունիքի մարզային տեսչության պետն է:
Մարզպետարանի մամուլի ծառայության փոխանցմամբ, Ս. Գինոյանի խոսքով, նրանք հիմնականում ստացել են համապատասխան բուժում և դուրս են գրվել հիվանդանոցից, այժմ էլ գտնվում են ամբուլատոր հսկողության տակ: Սակայն կասկածելի նոր դեպք է արձանագրվել Ծովինար գյուղում, ինչն արդեն հանձնաժողովին մտահոգում է կարանտինը երկարաձգելու ուղղությամբ:
Հանձնաժողովի անդամ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Սամվել Ասլանյանը նշել է, որ կարանտինի հայտարարման պահից մինչ այժմ գրանցվել է 22 գլուխ խոշոր եղջերավոր անասունների անկում, որոնց դիերը և սառնարաններից առգրավված մսեղիքը ոչնչացվել են 7 հատուկ անասնագերեզմանոցներում:
Տեսչության կողմից վերահսկողություն է իրականացվում ոչ միայն Վարդենիսի տարածքի շուկաներում և մսի վաճառքի կետերում, այլ նաև Մարտունու մեծածախ շուկայի մսավաճառ կետում և կենդանի անասունների վաճառքի կիրակնօրյա շուկայում, որտեղ առայժմ արգելվում է կենդանի անասունների և մսի վաճառքը:
Ըստ տեսչության պետի, Ծովակ, Վանևան և Տորֆավան համայնքներում արդեն 26-րդ օրն է, ինչ անասունների անկման դեպքեր չեն եղել, իսկ անասնագլխաքանակը պատվաստում է ստացել ամբողջությամբ: Սակայն նշված համայնքների հարակից համայնքներում սիբիրյան խոցով կասկածվող անկումներ արձանագրվել են, որոնցից վերջինը՝ նոյեմբերի 19-ին, ինչից հետևում է, որ կարանտինը պետք է պահպանվի մինչև վերջին դեպքից 14 օր հետո:
Հանձնաժողովի անդամ, ՀՀ ԳՆ անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների Գեղարքունիքի մարզային կենտրոնի տնօրեն Կորյուն Բարսեղյանը նշել է, որ հոկտեմբերի 17-ից մինչև նոյեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում անասնաբուժական ծառայության կողմից Վարդենիսի տարածքի համայնքներում սիբիրյան խոց հիվանդության դեմ պատվաստվել է մոտ 20 հազար գլուխ խոշոր և մինչև 7 հազար գլուխ մանր եղջերավոր անասուններ, մի քանի հարյուր գլուխ ձիեր և խոզեր:
Պատվաստելու համար մնում է ևս 9 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որոնք թեև չեն գտնվում համաճարակի սպառնալիքի գոտում, սակայն ապահովության համար պետք է պատվաստում ստանան առաջիկայում:
Ելնելով անհրաժեշտությունից՝ անասնաբուժական ծառայության պետը առաջարկել է Վարդենիսի տարածքի համայնքներում սիբիրյան խոցի դեմ պատվաստումներ կատարել տարին 2 անգամ:
Ծառայության պետը հանձնաժողովի անդամների ուշադրությունը սևեռել է այն խնդրի վրա, որ կարանտինը ենթադրում է անասնագլխաքանակը ամբողջությամբ պահել մսուրի վրա, մինչդեռ Վարդենիսի տարածքի անասնագլխաքանակը մինչ օրս շարունակում է արոտ դուրս գալ:
Հանձնաժողովի անդամ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության Վարդենիսի տարածքային բաժնի պետ Թաթուլ Դավեյանը նշել է, որ հետևողական աշխատանքի շնորհիվ հաջողվել և հաջողվում է կանխել համաճարակի բռնկման քայլերը և հնարավորությունները: Սակայն շատ դեպքերում մարդիկ փորձում են ամենատարբեր ճանապարհներով իրացնել ախտահարված մսեղիքը կամ հիվանդ անասունները՝ չմտածելով հետագա հետևանքների մասին: Նա ևս կարծիք է հայտնել, որ որքան էլ խնդիրը նաև սոցիալական կողմ ունի, հարկավոր է երկարաձգել կարանտինը, քանի դեռ համաճարակի հետևանքներն ու հետքերը լիովին չեն վերացել:
Հանձնաժողովի նախագահ, փոխմարզպետ Մարզպետունի Մանուկյանը մտահոգություն է հայտնել անասնագլխաքանակի հաշվառման շուրջ, փաստելով, որ նույն Վարդենիսի տարածքում 13 հազար գլուխ խոշորի հաշվով հաշվառումից դուրս է մնացել մոտ 12%՝ չստանալով համապատասխան պատվաստումներ: Ինչպես հայտնի է, պետությունը պետպատվեր իրականացնում է միայն հաշվառված անասնագլխաքանակի դեպքում:
Նշվել է, որ անասնագերեզմանոցների հիմնովին փակման, բետոնապատման և ցանկապատման աշխատանքները կսկսվեն կարանտինի դադարեցումից հետո: Հանձնաժողովի նիստի աշխատանքներից հետո, համաձայն նույն հանձնաժողոում ստացված ահազանգի, պարզ է դարձավ, որ անասունների անկման նոր դեպքեր են արձանագրվել Մաքենիս և Ծովինար համայնքներում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան