Հ. Մելիք-Շահնազարյան. Արցախը պետք է լինի նախաձեռնող
«Արցախյան խնդրի կարգավորման բանակցություններ ընդհանրապես չկան, կան քննարկումներ, որոնք հայտնվել են փակուղում, որովհետև անցած երկու տասնամյակների ընթացքում հնարավոր բոլոր սցենարները քննարկվել են, և համանախագահների նոր առաջարկները կարող են լինել ընդամենը նոր շեշտադրումներ առանձին խնդիրների հետ կապված»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցին, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետի գնահատմամբ, Մինսկի խմբի միջնորդներին չհաջողվեց նախագահների հանդիպում կազմակերպել, քանի որ ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս հույսեր ունենալ քննարկումների կամ բանակցությունների միջոցով պայմանավորվածություններ ձեռք բերելու համար:
«Այսօր Ադրբեջանի քաղաքականությունը ուղղված է հիմնականում բանակցությունների ստեղծված ձևաչափի փոփոխմանը: Պաշտոնական Բաքուն դա անում է շատ պարզ պատճառով: Նրանք լավ հասկանում են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց դադարել է Արցախյան հակամարտությունը կարգավորող ինստիտուտ լինելուց»,- նշեց քաղաքագետը:
Վերջինիս խոսքերով, Թուրքիան, որը բավական ակտիվ քաղաքականություն է վարում իր բոլոր հարակից տարածաշրջաններում, այսօր խնդիր ունի ներգրավված լինել նաև Հարավային Կովկասում: Եվ քանի դեռ կա Մինսկի խմբի ձևաչափը, Թուրքիայի այդ քաղաքական մուտքը կարծես թե արգելված է:
«Սա է գլխավոր պատճառը, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է հասնել նրան, որ Մինսկի խմբի ձևաչափը փոխվի՝ լավ հասկանալով, որ ցանկացած փոփոխություն ենթադրելու է Թուրքիայի ներգրավվածություն Հարավային Կովկասում: Սակայն Մինսկի խմբի համանախագահները, համենայն դեպս, կարողանում են իրենց գլխավոր խնդիրը լուծել, այն է՝ թույլ չտալ պատերազմի վերսկսում»,- ասաց քաղաքագետը:
Բանախոսը կարևորեց նախօրեին ՄԱԿ-ում Պաղեստինի հարցով քվեարկությունը, որի արդյունքում բարձրացել է ՄԱԿ-ում Պաղեստինի կարգավիճակը՝ դառնալով դիտորդ անդամ, որին կողմ է քվեարկել անգամ Ադրբեջանը:
Նրա համոզմամբ, հայկական դիվանագիտության խնդիրը պետք է դառնա նմանատիպ միջազգային նախադեպերի լավ ուսումնասիրությունը և այդ նախադեպերը որպես քաղաքական գործոն օգտագործելը հայ-ադրբեջանական բանակցություններում: Ըստ քաղաքագետի, Արցախն ինքը պետք է հանդես գա տարբեր նախաձեռնություններով, ինչպես ՄԱԿ-ում, այնպես էլ այլ միջազգային կառույցներում՝ օգտագործելով ընձեռված բոլոր հնարավորությունները:
«Արցախի համար երկու ճանապարհ կա: Առաջին հերթին ազատագրված տարածքների բնակեցումն ու ինտեգրացումն է, քանի որ ճշմարտությունը մեկն է՝ ով ապրում է հողերում, այդ հողերը նրան են պատկանում, և ուշ թե շուտ ցանկացած հակամարտության լուծումը հենց դրանում է: Երկրորդը՝ միջազգային կառույցներում ակտիվությունն է, այսինքն` այնպես անել, որ քննարկումների օրակարգում Արցախի հարցը միշտ առկա լինի»,- նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը: