Ա. Մարկարով. Ընդդիմադիր ճակատ հնարավոր է, բայց հարց է, թե որքանով է այն երկարատև
«Մեր մոտ մի փոքր տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, երբ ընտրություններին մնացել է ավելի քիչ քան հարյուր օր, բայց մինչ օրս չկա վերջնական հստակություն և ուժերի դիրքորոշում»,- այսօր անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
«Խնդիրը նրանում է, թե փոքր կշիռ ունեցող քաղաքական ուժերն ինչ դիվիդենտներ կարող են քաղել սպասվող նախագահական քարոզարշավից, երբ կա համապատասխան բևեռը, որը և´ առաջադրվելու է, և´ ունի հաղթելու ամենամեծ հնարավորությունը: Խոսքը գործող նախագահի մասին է»,- նշեց բանախոսը:
Նրա կարծիքով` խնդիրը ընտրական կամպանիայի ու դրանից հետո ակնկալվող վերադասավորումների ժամանակ մյուս քաղաքական դերակատարների սպասելիքներն են:
Քաղաքագետը նաև քիչ հավանական համարեց Գ. Ծառուկյանի առաջադրվելը, նշելով, որ դա ԲՀԿ-ին ավելի կհեռացնի քաղաքական որոշումների վրա ազդելու հնարավորությունից:
Այնուհետև, անդրադառնալով քաղաքական ուժերի միջև ընթացող կոնսուլտացիաներին, Ա. Մարկարովն ասաց. «Կարևոր է ոչ թե կոնսուլտացիան, այլ սպասվող արդյունքը և կողմերի սպասումներն այդ կոնսուլտացիաներից»:
Այդ գործընթացներում բանախոսը կարևորեց ընդդիմության ընդհանուր ճակատով հանդես գալու խնդիրը և միևնույն ժամանակ նշեց, որ «այստեղ խնդիր է առաջանում` առաջին` ունեն նրանք այդ պոտենցիալը, երկրորդ` ինչքանով են նրանց ծրագրային դրույթները միմյանց հետ համատեղելի»:
Այս առումով քաղաքագետը հավելեց, որ Հայաստանում այդպիսի ճակատ ստեղծելու և գործող նախագահի դեմ միասին հանդես գալու փորձ կա, «քանի որ նախկինում նման դեպքեր եղել են, երբ մարդկանց միավորել է ոչ թե կառուցողական, «պրո» քաղաքականությունը, այլ «կոնտր» քաղաքականությունը` ինչ որ բանի դեմ: Եթե այս միտումը շարունակվի, այդպիսի ճակատը հնարավոր է: Այլ հարց է, թե այդպիսի կոալիցիաները որքանով են երկարատև»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա