Անհեռանկար քրեական գործ է. Օսկանյանին օգնության է հասել քրեական իրավունքի ռուս մասնագետը
Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանի նկատմամբ հարուցած քրեական գործում հանցակազմ չկա, անհասկանալի է` ով է տուժող կողմը: Այդ մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի պրոֆեսոր Սամվել Կոչոյին, որը նաև ՌԴ քրեական օրենսգրքի մեկնաբանությունների հեղինակն է: Նա այս քրեական գործի վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացրել է պաշտպանական կողմի խնդրանքով:
«Սա թյուրիմացություն է, մասնագիտական առումով անհեռանկար քրեական գործ, -գործը բնութագրեց ռուս մասնագետը և հավելեց,- Հանթսմանը Օսկանյանին այնքան է վստահել, որ գումարը փոխանցել է ոչ թե «Սիվիլիթաս»-ի, այլ նրա հաշվեհամարին, որպեզի վերջինը փոխանցի հիմնադրամին: Սկզբունքորեն, Հանթսմանը չի արգելել, որ այդ գումարն օգտագործվի` որպես ավանդ պահվի, դրանից տոկոսներ ստացվեն, բայց միայն մի պայմանով, որ գումարը ծառայի հիմնադրամի շահի»: Ահա այս ամենից հետո Կոչոյին դժվարացել է գտնել` ով է գործում տուժող կողմը:
Նրա խոսքով, փողերի լվացման համար նախ պետք է այդ փողը կեղտոտ լինի, իսկ այս պարագայում հնարավոր չէ ասել, որ Հանթսմանի փողերը կեղտոտ են: «Հույս ունենք, որ բոլոր մեղադրանքները կհանվեն և քրեական գործի վերջնական արդյունքն արդարացի կլինի», -հույս հայտնեց քրեական իրավունքի ռուս մասնագետը:
Հանդիպմանը ներկա Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ Կոչոյինի եզրակացությունը ներկայացվելու է նախաքննության մարմին՝ որպես ուսումնական ձեռնարկ: «Այս ամենը նրա մասին է, որ որոշ անձինք մեր իրավապահ համակարգում հանկարծ չմտածեն, որ իրենք ամենախելացին են և կարող են օրենքը մեկնաբանել այնպես, ինչպես ուզում են»,-նշեց Աթանեսյանը:
Հիշեցնենք` ԱԱԾ քննչական ծառայությունում քրեական գործը հարուցվել էր մայիսի 25-ին ԱԱԾ-ի կողմից «փողերի լվացման» հատկանիշներով, այն առնչվում էր Սիվիլիթաս հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին: Վերջինն այդ գործի շրջանակներում ներգրավել է որպես մեղադրյալ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են