Շավարշ Քոչարյան. Ադրբեջանը փորձում է քողարկել ստատուս-քվոյի պահպանման ցանկությունները
Ադրբեջանի` ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու պատրաստակամության իրական չափանիշ կարող է հանդիսանալ ԼՂՀ ղեկավարության հետ ուղղակի բանակցությունների մեկնարկը: Մեկնաբանելով պաշտոնական Բաքվի` իբր բանակցային գործընթացը շարունակելու պարաստակամության վերաբերյալ հայտարարությունները` «Նովոստի Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին նշել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Քանի դեռ Բաքուն պատրանքներ ունի, որ ԼՂ հակամարտության կարգավորման էությունը կայանում է իր իսկ կողմից իրականացված ագրեսիայի հետևանքների վերացման մեջ, շարունակում է հակահայկական ռասիստական հիտերիան և ռազմատենչ հռետորաբանությունը, հարվածներ է հասցնում միջնորդների` հակամարտող կողմերի միջև վստահության մթնոլորտի ստեղծման ուղղված ջանքերին, նմանատիպ հայտարարությունները, ոչ այլ ինչ են, քան Ադրբեջանի` ստատուս-քվոյի պահպանման վերաբերյալ իրական ցանկությունների քողարկման ապաշնորհ փորձ»,- նշել է Շավարշ Քոչարյանը:
«Ադրբեջանի` ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու պատրաստակամության իրական չափանիշ կարող է հանդիսանալ ԼՂՀ ղեկավարության հետ ուղղակի բանակցությունների մեկնարկը, ինչպես դա եղավ 1993թ. և հանգեցրեց 1994. թ զինադադարի վերաբերյալ անժամկետ համաձայնագրի կնքմանը»,- հավելել է բանախոսը:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: