Հ. Բաբուխանյան. Ընդդիմությունը կաթվածահար վիճակում է
«Ընդդիմությունը կաթվածահար վիճակում է և այսօր չունի ո՛չ գաղափարական ծրագիր, ո՛չ էլ մարտավարական ծրագիր, թե ինչպես պետք է մասնակցի ընտրություններին, որպեսզի վերջնականապես խայտառակ չլինի»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:
Նրա դիտարկմամբ, նախագահական ընտրություններից առաջ ընդդիմության կողմից առաջ քաշվող օրենսդրական փոփոխությունների առաջարկները որևէ կապ չունեն ընտրություններից առաջ ընդդիմության այդպիսի կաթվածահար վիճակի հետ:
«Նույն ՀԱԿ-ը պարզապես բզկտվում է տարբեր հատվածների, հայտնվել են մարդիկ, ովքեր ուզում են առաջադրվեն, կան մարդիկ, որ չեն ուզում, մարդիկ կան, որ քնած են և իրենց դիրքորոշումը գաղտնի են պահում: Այսինքն ՀԱԿ-ը, որպես ընդդիմություն, շատ տխուր վիճակում է հայտնվել: Ժողովուրդը տեսնում է, որ, ըստ էության, իրեն խաբել են»,- համոզմունք հայտնեց ՍԻՄ նախագահը:
Վերջինիս պնդմամբ, ՀԱԿ-ը չունի որևէ գաղափար, թե ինչպես բարելավել ժողովրդի վիճակը և չունի հիմնավորումներ, թե ի՞նչ է տալու ժողովրդին իրենց կողմից առաջ քաշված 100%-անոց համամասնական ընտրակարգը կամ խորհրդարանական կառավարման համակարգը:
Հ. Բաբուխանյանը հավանական չհամարեց գալիք նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուի ի հայտ գալը, քանի որ, ըստ նրա, ընդդիմությունը հասկանում է, որ չունի ժողովրդի քվեն:
«Ընդդիմությունը քաղաքական դաշտում իր ներկայությունը պահելու խնդիր ունի: Նույնիսկ ՀԱԿ-ն այսօր ի վիճակի չէ առաջադրել իր թեկնածուին, էլ ուր մնաց մյուս ընդդիմադիրները կարողանան միավորվել: Կլինի ընդդիմության միասնական թեկնածու, թե չի լինի, երբ կլինի կամ կլինի արդյոք, թե ոչ, որևէ էական նշանակություն չի ունենա այս ընտրություններում »,- ասաց Հայկ Բաբուխանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան