Ավարտվեց Հայկական աստղագիտական ընկերության դպրոցական դասախոսությունների ծրագիրը. Հնարավոր է գարնանը շարունակվի
Նոյեմբերի 7-30-ին Հայաստանի դպրոցներում իրականացվել է Հայկական աստղագիտական ընկերության աստղագիտական դասախոսությունների ծրագիրը, որի ընթացքում աստղագետներն այցելել են Երևանի և ՀՀ մարզերի դպրոցները:
Աստղագիտական ընկերության տեղեկացմամբ, ծրագիրն իրականացվում էր ամերիկահայ նշանավոր աստղագետ, Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանի և ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: Աստղագետները եղան ՀՀ բոլոր մարզերում (մասնավորապես Աշտարակ, Արմավիր, Գավառ, Գյումրի, Գորիս, Իջևան, Հրազդան, Մասիս, Ջերմուկ և Վանաձոր քաղաքներում) և Երևանի բոլոր վարչական տարածքներում, ինչպես նաև մի քանի մասնագիտացված դպրոցներում: Ընդամենն անցկացվել է 30 դասախոսություն:
Աստղագետները պատմել են ժամանակակից աստղագիտության խնդիրների և զարգացումների, հայ աստղագիտության պատմության, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և հայկական աստղագիտության ներկայիս վիճակի, Վիկտոր Համբարձումյանի և մյուս նշանավոր հայ աստղագետների մասին:
Դասախոսների թվում էին ԲԱ տնօրեն Հայկ Հարությունյանը, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ և ԲԱ առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը, ԲԱ գիտական քարտուղար Ելենա Նիկողոսյանը, ԲԱ ավագ գիտաշխատողներ Հովհաննես Պիկիչյանը և Արարատ Եղիկյանը, ԲԱ գիտաշխատող և Երևանի ֆիզ-մաթ դպրոցի ֆիզիկայի և աստղագիտության ուսուցչուհի Մարիետա Գյուլզադյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարարության տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի տիեզերագիտական խմբակի ղեկավար Ավետիք Գրիգորյանը և ԲԱ կրտսեր գիտաշխատող Գոհար Հարությունյանը: Ծրագրի ղեկավարն էր Արեգ Միքայելյանը, համակարգողը` Անի Քալաշյանը:
Աշակերտներին և դպրոցների գրադարաններին տրամադրվել են աստղագիտական հանրամատչելի նյութեր` գրքեր, բրոշյուրներ, աստղագիտական օրացույցներ և քարտեզներ, «Վիկտոր Համբարձումյան» և «Աստղագիտություն դպրոցների համար» DVD խտասկավառակները:
Վերջինս պատրաստվել և թողարկվել էր հենց այս ծրագրի շրջանակներում և ընդգրկում է դպրոցական աստղագիտության վերաբերյալ ծավալուն նյութեր` թվայնացված դասագրքեր և խնդրագրքեր, հանրագիտարաններ և տեղեկատուներ, աստղագիտական համակարգչային հանրամատչելի ծրագրեր, լուսանկարներ և շարժանկարներ, ԲԱ, Վիկտոր Համբարձումյանի և այլ հայ աստղագետների վերաբերյալ նյութեր, ինչպես նաև «Տիեզերքի եռաչափ ատլաս» կոչվող հանրամատչելի CD խտասկավառակը:
Այս հանդիպումների նպատակներից մեկն էր նաև դպրոցներում հայտնաբերել օժտված և աստղագիտությամբ հետաքրքրքվող աշակերտներին՝ նրանց հետ հետագա կապ պահպանելու և նրանց հետագա մասնագիտական աճին օժանդակելու համար: Նման հետաքրքրքություն են ցուցաբերել հարյուրավոր աշակերտներ: Ծրագիրը կարող է շարունակություն ունենալ 2013թ. տարվա գարնանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա