Նունե Թումանյան. Երևանը զարդարվում է, բայց չի գեղեցկանում…(ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ)
Քանդակագործ, Նկարիչների միության անդամ, դոցենտ Նունե Թումանյանն փորձում է տարբերակներ մշակել, ճանապարհներ գտնել` իր «նախընտրած» Երևանը տեսնելու համար: Panorama.am-ը զրուցել է Նունե Թումանյանի հետ, ում յուրօրինակ «Սեր» ստեղծագործությունը Իտալիայի Ռավենա քաղաքում Դանթեի «Աստվածային կատակերգությանը» նվիրված բիենալեում մրցանակի է արժանացել:
-Արվեստագետի աչքերով ինչպիսի՞նն է այսօր Երևանը, և ինչպիսին կցանկանայիք տեսնել այն:
-Մենք նախկինում գեղեցիկ տներ, փողոցներ ունեինք: Այսինքն, արտերկրից երբ մարդիկ գալիս էին, նայելու բան ունեին: Հին Երևանից գրեթե ոչինչ չի մնացել: Կառուցվում են նոր շենքեր, որոնք, միգուցե, վատը չեն, բայց զբոսաշրջիկների համար գրավիչ չեն: Մեր քաղաքի պուրակները, այգիները կարիք ունեն քանդակների, բայց, իհարկե, ճաշակով արված: «Գաֆեսճյան» հիմնադրամի օրինակն ինձ շատ է դուր գալիս: Այս նախաձեռնությունը պետք է «թասիբի գցի» հայ գործարարներին, որպեսզի իրենք էլ հովանավորեն մեր քանդակագործներին ու նրանց պատվիրեն որևէ գործ` որևէ այգում տեղադրելու համար: Մենք ունենք շատ քանդակագործներ, որոնք չեն զիջում համաշխարհային հայտնի արվեստագետներին, ուղղակի պետք է նրանց փնտրել և գտնել: Արվեստագետը չի ընկնի այս ու այն կողմ` իրեն ներկայացնելու համար:
Հիմա հիմնականում փոքրածավալ գործեր ենք անում, քանի որ միտքը քանդակի վերածելու պրոցեսը ոչ միայն աշխատատար է, այլ նաև ծախսատար: Բայց այդ փոքրածավալ քանդակները կարելի է վերածել այգեպուրակային քանդակների ու աշխուժացել քաղաքը: Քաղաքում պետք է ունենանք ոչ թե գիպիսից մուլյաժներ, այլ նորմալ արվեստի գործեր: Ճիշտ է դրանց համար մեծ գումար է պետք, բայց այդ ծախսերը արդարացված են, դրանք անպայման կնպաստեն զբոսաշրջության զարգացման: Շատ կուզենայի քաղաքում տեսնել քանդակագործ Կարեն Բաղդասարյանի քանդակներից, որոնք շատ ինքնատիպ և յուրօրինակ են:
-Իսկ ո՞ւր են լավ արվեստագետները:
-Նրանք իրենց արվեստանոցներում ստեղծագործում են: Խնդիրը նրանում է, որ նրանց ներկայացնողները պետք է լինեն հիմնականում արվեստաբաններն ու արվեստի քննադատները, որոնք կապող օղակ պետք է հանդիսանան արվեստի գործիչների և ժողովրդի միջև: Ներկա պահին զգացվում է այդ կապի կարիքը:
Այժմ քաղաքը շատ ակտիվ զարդարում են, շատ գովելի է: Զարդարում են, բայց չի գեղեցկանում, այսինքն ճաշակ չկա, քանի որ այդ գործով զբաղվում է ոչ այն մարդը, ով որ պետք էր: Այս ամենի արդյունքում կորում է քաղաքի հոտը:
-Դարեր շարունակ Հայաստանը միշտ էլ աչքի ընկել է արվեստի նկատմամբ իր ուշադիր վերաբերմուքնով, նույնիսկ դժվարին ժամանակներում արվեստին հատուկ ուշադրություն է դարձվել, իսկ այսօր Հայաստանում նկատվում է մշակութային սով: Ի՞նչ է պատճառը` չկա՞ համապատասխան կրթություն, դրդիչ ուժ, հետաքրքրություն:
-Ամեն ինչն էլ կա: Մարդիկ անում են իրենց գործը, սակայն այդ գործերը անհայտ են մնում: Նորից կրկնեմ, այն, ինչ այժմ ներկայացվում է երևանցիներին, մասնագիտական առումով անճաշակ է, քանի որ այդ գործերով զբաղվում են ոչ մասնագետները: Նախկինում Նկարիչների միությունում գործում էր գեղարվեստական խորհուրդ, որտեղ քանդակագործները քննարկում էին քաղաքում տեղադրվելու ներկայացված քանդակները, իրար ուղղություն էին ցույց տալիս ու գործը հասնում էր այն վիճակի, որ արժանի էր քաղաքում դրվելու: Այժմ այդ խորհուրդը չկա, բայց այն անհրաժեշտ է, որպեսզի միայն մեկ մարդու ճաշակով չստեղծվի ու չտեղադրվի որևէ ստեղծագործություն:
-Ինչու՞մ եք տեսնում ստեղծված իրավիճակի ելքը:
-Անհրաժեշտ է ուղղակի սրտացավ և լուրջ վերաբերմունք, որպեսզի գործը տեղից շարժվի: Օրինակ ես որոշել եմ «Ֆեյսբուքում» էջ բացել, որտեղ քանդակագործները հնարավորություն կունենան հանրությանը ներկայացնել իրենց ստեղծագործությունները նախընրած վայրերում օրինակ՝ ֆոտոմոնտաժի միջոցով, որպեսզի աշխատանքները կքննարկվի հանրության կողմից և միգուցե գտնեն հովանավոր:
Գտնում եմ, որ ոլորտում զբաղված բոլոր անձինք պետք է քիչ ավելի ակտիվ լինեն և նույնպես ելքեր որոնեն:
-Ստեղծված վիճակն իր ազեդությունը չի՞ թողնում ստեղծագործող մարդու ստեղծագործական մտքի վրա:
-Ազդեցություն, անպայման, ունենում է, բայց ստեղծագործողը ստեղծագործում է:
-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունենք:
-Հաջորդ տարվա գարնանը նախատեսում ենք Նկարիչների միությունում ընտանեկան ցուցահանդես բացել` ես և ամուսինս (քանդակագործ Գևորգ Հարությունյան): Վերջին անհատական ցուցահանդեսի ժամանակ 2008թ. Ազգային պատկերասրահը երկու աշխատանք գնեց: Հուսամ, առաջիկայում կցուցադրեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան