Հայաստանում ներկայումս գտնվում է շուրջ 6000 սիրիահայ. նրանցից 1500-ն ապրում է մարզերում
Հայաստանում ներկայումս գտնվում է շուրջ 6000 սիրիահայ: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, տարեսկզբից մինչև օրս Հայաստան է ժամանել 10 հազար սիրիահայ, սակայն մոտ 4 հազարը վերադարձել է Սիրիա:
Նրա խոսքերով` 6000-ից 600-ը աշակերտներ են, իսկ մոտ 200-ը սովորում են բուհերում: «Սիրիահայերի համար թե մանկապարտեզները, թե դպրոցները անվճար են, իսկ բուհերում սովորողների համար կառավարությունը հատկացրել է 40 մլն դրամ, որպեսզի ուսանողներն ազատվեն վարձավճարներից»,- ասաց Ֆ.Զաքարյանը:
Նա նշեց, որ Միգրացիոն պետական ծառայության միջոցով 125 ընտանիքի ապահովել են կացարաններով, մոտ 2000 ընտանիք ապրում է վարձով կամ հարազատների, ծանոթների տներում, կան նաև ընտանիքներ, որոնք այստեղ իրենց սեփական բնակարաններն ունեն: Ֆ. Զաքարյանը տեղեկացրեց նաև, որ ավելի քան 1500 սիրիահայ ապրում է մարզերում:
Նրա խոսքերով` Հայաստանում գտնվող սիրիահայերի համար այսօր համար մեկ խնդիրը մնում է աշխատանքի տեղավորման հարցը: «Ավելի քան 500 սիրիահայ դիմել է նախարարություն, նրանցից 150-ն արդեն աշխատանք ունեն: Ի դեպ, առողջապահության նախարարությամբ աջակցությամբ 25 սիրիահայ բժշկի աշխատանքի ենք տեղավորել տարբեր բուժհիմնարկներում»,- ասաց Ֆ.Զաքարյանը` հավելելով, որ սիրիահայերին վերաբերող ցանկացած հարց գտնվում է սփյուռքի նախարարության ուշադրության ներքո, և նրանց վերաբերող ցանկացած հարցի նախարարությունն անմիջապես արձագանքում է։
Նախարարության աշխատակազմի ղեկավարը խոսքերով, եթե հունիսին սիրիահայերի 95%-ից ավելին հստակ որոշում էր կայացրել, որ խաղաղության պայմաններում կվերադառնա Սիրիա, ապա այսօր նրանց 75-80 տոկոսն է այդպես մտածում է: «Կարծում եմ, որ սիրիահայերն իրենց հայրենիքում աստիճանաբար ինտեգրվում են»,- նշեց Ֆ.Զաքարյանը: