Թուրքիայում ավտոճանապարհ է կառուցվում հայկական գերեզմանների վրա
Թուրքական «Dogan» լրատվական գործակալության տեղեկացմամբ` Սիիրթ (Արևմտյան Հայաստանի Սղերթ գավառ) նահանգի Էրուհ շրջանով անցնող ճանապարհի կառուցման աշխատանքների ժամանակ, հայտնի է դարձել, որ այն անցնում է հայկական գերեզմանատան տարածքով:
Ճանապարհաշինության հետևանքով շուրջ 100 գերեզմանից հանգուցյալների ոսկորներ են հայտնվել հողի երեսին: Տեղաբնակ գյուղացիները դրանք հավաքել ու որքան հնարավոր է, նորից լցրել են գերեզմանների մեջ:
Քայաբողազ գյուղի բնակիչներից մեկը լրատվամիջոցին հայտնել է հետևյալը. «Ոսկորների մի մասը, այնուամենայնիվ, դեռ երևում են: Գերեզմանների կեսը բացված է մնացել: Մենք գիտենք, որ դա հայկական գերեզմանատուն է, որի բարձունքում կա հայկական եկեղեցի: Տարիներ առաջ այստեղ հայեր էին ապրում, բայց հիմա ոչ ոք չկա»:
Գյուղացիները դժգոհություն են հայտնել, որ թուրքական իշխանությունները շուրջ մեկ ամիս է անտերության են մատնել այդ խնդիրը և չեն լուծում քանդված գերեզմանատան հարցը: