Լրագրողը հաստատում է, որ թիվ 1 ընտրատարածքում իր նկատմամբ հարձակում է տեղի ունեցել
Երևանի թիվ 1 ընտրատարածքն ընդգրկող Նոր Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանների առջև «թաղի խուժանը» հարձակվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի Իրինա Հովհաննիսյանի վրա, ով իր մասնագիտական գործունեության շրջանակներում տեսանկարահանում էր տարածքը, երբ նրանցից մեկը ցուցակը ձեռքին կազմակերպում էր երթուղային տաքսիներով «ցուցակագրված ընտրողների» տեղափոխումը տեղամաս: Այդ մասին տեղեկացնում են ԱԺ պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբից: Ըստ աղբյուրի, մի պահ լրագրողի ձեռքից խլվել է նաև տեսագրող-ձայնագրող սարքը և քիչ անց վերադարձվել:
Լրագրող Իրինա Հովհաննիսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ նման դեպք է տեղի ունեցել, բայց հրաժարվեց մեկնաբանություններ տալուց: «Երբ ես տեսանյութը կտեղադրեմ մեր կայքում, վերցրեք ինքներդ մեկնաբանեք՝ ինչպես ուզում եք», -եղավ լրագրողի պատասխանը: