Երեք համալսարան հայտնվել է փորձագետների թիրախում
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը» (ՈԱԱԿ) դեկտեմբերի 3-ից սկսում է փորձագիտական խմբերի այցեր կատարել Հայաստանի ազգային ագրարային, Երևանի «Գլաձոր» և Երևանի «Հյուսիսային» համալսարաններ: Դրանք իրականացվում են Համաշխարհային բանկի (ՀԲ) դրամաշնորհով հայաստանյան բուհերում իրականացվող փորձնական ենթակառուցվածքային հավատարմագրման շրջանակում, տեղեկացնում են կենտրոնից:
Ձևավորված փորձագիտական 3 առանձին խմբերը, որոնցում ներգրավված են ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային փորձագետներ, հիմնվելով ՈԱԱԿ-ի կողմից մշակված չափանիշների և չափորոշիչների վրա, հիշյալ բուհերում ուսումնասիրություններ են իրականացնելու մինչև դեկտեմբերի 7-ը:
Ըստ աղբյուրի, միջազգային փորձագետները Հայաստան են ժամանել Հնդկաստանից, Չիլիից և Ֆրանսիայից: Նրանք տեղացի փորձագետների հետ աշխատել և կարծիք են ներկայացրել համալսարանների ինքնավերլուծությունների վերաբերյալ:
Փորձագիտական խմբերը, ՈԱԱԿ-ի աշխատակիցների հետ պարբերական հանդիպումների ընթացքում, ուսումնասիրել են համալսարանների ներկայացրած ինքնավերլուծությունները, կազմել են գործողությունների պլան, դուրս են բերվել մի շարք հարցեր, որով առաջնորդվելու են այցի ընթացքում:
Փորձագիտական այցին ընդառաջ, փորձնական ենթակառուցվածքային հավատարմագրման գործընթացի ընթացքում, ըստ ՈԱԱԿ-ի կողմից մշակած ձևաչափի՝ բուհերն արդեն իրենց ինքնավերլուծությունները ներկայացրել էին Որակի ապահովման ազգային կենտրոն, որի կողմից ձևավորված փորձագիտական խմբերն ուսումնասիրել էին այն:
Այցի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, գնահատման սկզբունքներն ու չափանիշները՝ մշակված: Արդյունքում կազմվել է գործողությունների պլան, որով այսօր առաջնորդվում են փորձագիտական խմբերը բուհերում: Այցից հետո փորձագետները կամփոփեն դիտարկման արդյունքները, և խմբի ղեկավարը կներկայացնի վերջնական զեկույցը:
Նշենք, որ «Մասնագիտական կրթության Որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) ստեղծվել է 2008 թ-ին` մասնագիտական կրթական համակարգի ակտիվ բարեփոխումների փուլում, և ստանձնել լուրջ պատասխանատվություն` խթանելու ուսումնական հաստատություններում որակի ապահովման գործընթացները: ՈԱԱԿ-ի նպատակն է` ստեղծել որակի ապահովման մշակույթ, որը բխում է կրթության որակով մտահոգ հասարակության բոլոր շերտերի և շահակիցների շահերից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա