«Այն, ինչ Ռուսաստանում արել է «Pussy Riot» փանկ խումբը` Հայաստանում արդեն եղել է»
«Ո՞վ է ասել, որ Հայաստանում տեղի չի ունեցել այն, ինչ եղել է Մոսկվայում», - այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց `«Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Ամարյանը` պատասխանելով panorama.am-ի լրագրողի հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Հայաստանի որևէ եկեղեցում կրկնվի այն, ինչ արեցին «Pussy Riot» փանկ խմբի ներկայացուցիչները:
«Եթե միասեռականները մտնում են Էջմիածնի եկեղեցի և փոխանակվում են մատանիներով...էլ ինչի մասին է խոսքը` ամբողջ ինտերնետով տվեցին: Դա մեզ մոտ է տեղի ունեցել... Նրանք հայ էին, ֆրանսահայ: Կամ, որ մտնում են եկեղեցի` քարոզչություն անում: Սկզբում ներկայանում են որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, հետո` հակառակն է պարզվում: Մեզ մոտ էլ է նույնը լինում, քանի որ չկա օրենք, որը պատժի սրբապղծության համար… Եթե աղանդավորը կլիպ է նկարահանում մեր հայ առաքելական եկեղեցում` խաչվելու տեսարանով, էլ ինչի մասին է խոսքը», - ասաց նա` նշելով, որ նկատի ունի երգիչ Անդրեին:
Ինչ վերաբերվում է «հեթանոսական» տարբեր խմբերի, ապա, ըստ բանախոսի, սրանք զուտ պատմա-մշակութային են, և նրանք փաստացի սատարում են Հայ առաքելական եկեղեցուն:
Հիշեցնենք, որ Pussy Riot փանք խմբի անդամներն այս տարվա գարնանը Ռուսաստանի մայրաքաղաքի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում կատարել են «փանք աղոթք», որի ընթացքում աղջիկները «Տիրոջն» աղոթել են Պուտինին «վտարել»։
Ռուսական Ուղղափառ Եկեղեցին կտրուկ դատապարտել էր աղջիկների արաքը, իսկ դատախազությունը մեղադրանք առաջադրել խուլիգանության հոդվածով:
Հասարակական լայն արձագանքը գործի առնչությամբ Ռուսաստանում և երկրի սահմաններից դուրս փանք խմբի պաշտպանության հսկայական շարժում է ձևավորել. աղջիկներին իրենց աջակցությունն են հայտնել ռուսաստանցի մտավորականներ, համաշխարհային աստղեր, ինչպես օրինակ Մադոննան, Բյորկը, Սթինգը, Red Hot Chili Peppers-ը, Փոլ Մաքքարթնին:
Աղջիկների նկատմամբ դատավարությունը ուշադրության է արժանացել ԱՄՆ-ի, եվրոպական մի շարք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով, որոնք իրենց մտահոգությունն են հայտնել դատական գործընթացի առնչությամբ:
Օգոստոս ամսին Խամովնիչեսկի դատարանը մեղավոր էր ճանաչել Pussy Riot փանք խմբի անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովային, Մարիա Ալյոխինային և Եկատերինա Սամուցևիչին`դատապարտելով յուրաքանչյուրին երկու տարվա ազատազրկման, բայց հոկտեմբերին վերջինիս ազատ են արձակել: