Աթաթուրքի և հայուհու սիրո պատմություն. իրականություն թե՞ սուտ
Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի և հայուհու ենթադրյալ սիրո պատմության մասին հայտնող «Հերոսի տխուր սերը» գրքի հեղինակ Նեհիր Ռոգենդորֆ Էյուբօղլուն թուրքական «Հյուրիյեթ» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է այս պատմության հետ կապված որոշ մանրամասների:
Էյուբօղլուն շինարար-ինժեների կրթությամբ նախկին գերմանաբնակ մի թուրք է, ով այժմ ապրում է Թուրքիայում, հեղինակ է չորս գրքի և չորս պիեսի: «Hurriyet»-ի թղթակցին նա ասել է, որ ինքն անձամբ է ճանաչել վեպի հերոսուհուն` հայուհի Հերմինեին, որն էլ հենց 17 տարի առաջ իրեն պատմել է այս պատմությունը:
Հերմինեն պատմել է, որ Քեմալ Աթաթուրքի հետ ծանոթացել է 1929թ. մի երեկույթի ժամանակ, որտեղ Աթաթուրքն առաջին հայացքից հրապուրվել է Հերմինեով և նրան հրավիրել իր նստավայր` Դոլմաբահչե: Ըստ հեղինակի` Հերմինեն նույնպես անտարբեր չի եղել, և նրանք սկսել են պարբերաբար հանդիպել: Բայց բանը չի հասել ամուսնության երկու պատճառով: Նախ` տարիքային մեծ տարբերությունն է եղել, և երկրորդ` Աթաթուրքն ասել է, որ ամուսնությունն իր համար չէ, քանի որ ինքն իրեն ամբողջությամբ նվիրել է թուրք ազգին:
Ըստ Էյուբօղլուի` Աթաթուրքը մի օր Հերմինեին ասել է. «Հայ լինես, հույն, թե` ռուս, ինձ համար տարբերություն չկա: Երբ քեզ տեսա, հենց առաջին հայացքից հասկացա, որ թուրք չես: Դու մի ծաղիկ ես, որը դեռ պետք է հասունանա: Ես քեզ շատ սիրեցի:»
Հեղինակը պատմում է, որ նրանց բաժանման պատճառը եղել է այն, որ հերթական անգամ, երբ Աթաթուրքը Հերմինեին հրավիրել է պալատ, վարչապետ Իսմեթ Ինոնյուն այս անգամ խոչընդոտել է աղջկա գալուն: Եվ դրանից հետո Հերմինեին այլևս երբեք հնրավորություն չի տրվել հանդիպել Աթաթուրքին:
Ու թեև հեղինակը պնդում է, որ գրքում ներկայացվածը համապատասխանում է իրականությանը, բայց հայտնի լրագրող Թահա Աքյոլը, Աթաթուրքի մասին մի շարք գրքեր գրած Օղուզ Աքայը և Սինան Մեյդանը նշել են, որ չեն տիրապետում այդպիսի տեղեկության, պատմության ճշմարտացիությունն ապացուցված չէ: Թեման հետազոտող գրող Նեջդեթ Սաքաօղլուն նշել է, որ այդպիսի լուրեր եղել են, բայց անստույգ տեղեկությունների տեսքով միայն: Պատմաբան Դերյա Թուլգան էլ դա ոչ մի կերպ ապացուցելի իրողություն չի համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան