ՀԱԿ-ը Հովիկ Աբրահամյանից երաշխիքներ ստացավ
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո մարտյան իրադարձությունների մասին ՀԱԿ որոշման նախագծի քննարկումն այսօր տեղափոխվեց նաև ԱԺ նիստերի դահլիճ, և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը փորձեց նախագծի կյանքի կոչման վերաբերյալ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հավելյալ երաշխիքներ ստանալ: ԱԺ նախագահն էլ իր հերթին հայտարարեց, որ Հանրապետական խմբակցությունը պարտավորվել է և կկատարի իր խոստումը, բայց նախագահական ընտրություններից հետո:
«Այստեղ, ամբողջ Ազգային ժողովի առջև, հնչեց մեծամասնության կողմից հստակ խոստում, որ նախագահական ընտրություններից անմիջապես հետո ստեղծվելու է այդ հանձնաժողովը: Մենք իհարկե, այս հարցում մեծամասնությանը վստահելու լուրջ հիմքեր չենք ունեցել, բայց քանի որ հասարակության առաջ հնչել է նման հայտարարություն, նման երաշխիք, ապա մեր դիրքորոշումը լինելու է հետևյալը` մենք սա ընկալում ենք մեծամասնության հստակ տված հրապարակային երաշխիք: Եթե որևէ հայտարարություն մեծամասնության կողմից կարժեզրկի այս երաշխիքի ընկալումը, ապա մենք, անմիջապես օգտագործելով կանոնակարգ օրենքը, նորից կդիմենք, որ այս նախագիծը համարվի արտահերթ», -ԱԺ նիստում հայտարարեց Լևոն Զուրաբյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավարի հայտարարությունը Հովիկ Աբրահամյանը անպատասխան չթողեց. «Դուք հարգելի պատգամավորներ, ստեղծում եք այնպիսի տպավորություն, որ մեծամասնությունը չունի ցանկություն, որ մարտի 1-2-ի դեպքերը բացահայտվեն: Ես ուզում եմ հայտարարել, որ խորհրդարանական մեծամասնությունը նախագահի գլխավորությամբ ամեն ինչ արել է, որպեսզի այս դեպքերը բացահայտվեն»: