«Ընտանեկան բռնությունը` որպես ամուր ընտանիքի հիմք». Սրան անհամաձայնություն հայտնողները գերակշռում են
Աշխարհում ամեն չորրորդ կինը ենթարկվում է ընտանեկան բռնության: Տարբեր հետազոտությունների համաձայն, աշխարհի կանանց 61 տոկոսը տառապում է զուգընկերոջ վերահսկողական վարքի հետևանքով, 66 տոկոսը ենթարկվում է հոգեբանական բռնության, իսկ 25 տոկոսը` ֆիզիկական բռնության:
Կանանց իրավունքների պաշտպանության հիմնախնդրի բարձրաձայնման կապակցությամբ նոյեմբերի 25-ից մեկնարկել է 16 օրյակ` գենդերային հիմքով բռնության դեմ քարոզարշավը, որը կավարտվի դեկտեմբերի 10-ին` մարդու իրավունքների պաշտպանության օրը:
Քարոզարշավի շրջանակում «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն այսօր Երևանի Շարլ Ազնավուրի անվան հրապարակում կազմակերպել է ակցիա: Ցուցանակների վրա ներկայացված են կանանց բռնությունների մի քանի օրինակներ: ՀԿ անդամների խոսքով, բռնության մասին պետք է խոսել, բարձրաձայնել, հետագայում դրանք կանխելու նպատակով:
Ակցիայի ընթացքում անդրադարձ եղավ նաև Մարիամ Գևորգյանի գործին:
Հիշեցնենք, որ Մարիամը սկսեսուրի ու ամուսնու կողմից տարբեր բռնությունների էր ենթարկվել, մի քանի օր առաջ դատարանը սկեսուրին դատապարտեղ չորս տարվա ազատազրկման, ապա համներում կիրառեց` նրա պատժաչափը կրճատելով 1/3-ով: Դեպքի վերաբերյալ տարբեր ցուցանակներ էին տեղադրվել հրապարակում` «Եթե ՀՀ-ն ունենար ընտանեկան բռնության դեմ օրենք, Մարիամ Գևորգյանի գործը կունենար ավելի արդար վերջաբան», «Հասարակությունը չի ների նրանց, ում համաներեց դատարանը»:
Ազնավուրի հրապարակում տեղադրված են նաև սեղաններ, որտեղ դրված թղթերի վրա անցորդները կարող են «համաձայն եմ» և «համաձայն չեմ»-ի միջոցով իրենց վերաբերմունքը հայտնել ընտանեկան «Բռնությունը տան չորս պատերից չպետք է դուրս գա» հայ հասարակությունում ձևավորված կարծրատիպի մասին: Անցորդների մեծ մասը կողմ էր «համաձայն չեմ« տարբերակին: Առավել շատ էին նաև «Ընտանեկան բռնությունը` որպես ամուր ընտանիքի հիմք» կարծրատիպին անհամաձայնություն հայտնողները:
Կազմակերպության ծրագրերի ղեկավար Աննա Նիկողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Կովկասյան երկրների նման ՀԿ-ների հետ համագործակցությունը ցույց է տալիս, որ այդ երկրներում էլ առկա է այս խնդիրը ու բավականին «բարձր սանդղակի վրա է, ինչպես որ Հայաստանում»:
«Փաստում ենք, որ երևույթը կա, բայց կոծկված է: Եթե չխառնվենք, Մարոյի, Զարուհու պատմությունները կկրկնվեն»,-ասաց նա:
Նմանատիպ խնդիրներ ունեցող կանանց օգնելու համար ՀԿ-ն համագործակցում է ոստիկանության հետ: Ա. Նիկողոսյանի խոսքով, համագործակցությունը դեռ ակտիվ չէ:
Բռնության դեպք արձանագրելու դեպքում, խնդրով սկսում է զբաղվել ՀԿ-ում ստեղծված արագ արձագանքման խումբը, որը կազմված է լրագրողից, փաստաբանից, սոցիալական աշխատողից: Մասնագետներն աշխատում են տուժողի հետ, փորձում բերել մի վիճակի, որ նա կարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել, անհրաժեշտության դեպքում ապահովում են նաև փաստաբանական ծառայություն:
Ֆոտոշարքն` այստեղ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան