Հիպոթերապիան կարող է շատ հաշմանդամների կյանքը փոխել. Ձին հանգստացնում է նյարդային համակարգը, լավացնում արյան շրջանառությունը
«Կոլեուս» կենտրոնի նախաձեռնությամբ օրերս Երևանի ձիարշավարաններից մեկում հիպոթերապիայով զբաղվող հաշմանդամ երեխաների համար կազմակերպվել էր բարեգործական ակցիա: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց կենտրոնի ղեկավար Գրիգոր Պետրոսյանը, ակցիայի նպատակն էր Հայաստանում պրոպագանդել հիպոթերապիան, քանի որ այն մեծ հաջողություն ունի հաշմանդամ երեխաների շրջանում:
Նշենք, որ հիպոթերապիան բուժական ֆիզկուլտուրա է հենաշարժական և մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Հիպոթերապիան ցուցված է մի շարք խնդիրների դեպքում, ինչպիսիք են` մանկական ուղեղային կաթվածը, աուտիզմը, սկոլիոզը և ողնաշարային այլ խնդիրները, տեսողական և լսողական խնդիրներ, շիզոֆրենիան, Դաունի համախտանիշը, նյարդային համակարգի խանգարումը, մտավոր հետամնացությունը, օստեոխոնդրոզը, շագանակագեղձի բորբոքումը, սրտի և ուղեղի կաթվածից հետո վերականգնումը և այլն:
«Երբեք չեմ պատկերացրել, որ ձիու հետ շփումը այդքան դրական ազդեցություն կարող է ունենալ հաշմանդամ երեխաների վրա: Ձիու հետ շփումը մարդու մեջից դուրս է հանում բացասական էներգիան` նրան փոխանցելով դրականը»,- ասաց Գ.Պետրոսյանը:
Նրա խոսքերով` այսօր հիպոթերապիայով զբաղվում է ավելի քան 50 հաշմանդամ երեխա: «Պետք է պրոպագանդվի ձիաբուժությունը, քանի որ այն կարող է շատ ու շատ հաշմանդամ երեխաների կյանքը փոխել»,- նշեց Գ.Պետրոսյանը:
Հաշմանդամ երեխաներից մեկի մայրը պատմել է, որ երկու տարեկանից իր երեխան կորցրել է խոսելու ունակությունը, տարբեր միջոցների են դիմել, բուժման նպատակով երեխային տարել են Իսրայել, Եվրոպա, բայց անօգուտ: Ի վերջո Մոսկվայում նրանց խորհուրդ են տվել դիմել հիպոթերապիային, նրանք Երևանում գտել են այն ձիարշավարանը, որը զբաղվում է ձիաբուժությամբ: «Նա ուղղակի հիացել է հիպոթերապիայի արդյունքներով: Մի քանի պարապմունքից հետո երեխան սկսել է խոսել: Իրոք հրաշք է, կարծում եմ, որ շատ ծնողներ տեղյակ չեն, որ հիպոթերապիան կարող է նման ազդեցություն ունենալ»,- ընդգծեց Գրիգոր Պետրոսյանը` հավելելով, որ իրեն ապշեցրել են նաև հաշմանդամ երեխաները, ովքեր բազմաթիվ դժվարություններ են հաղթահարում, որպեսզի կարողանան մեկ շարժում ավելի անեն:
Նրա խոսքերով, ժամանակն է, որ Հայաստանում տարածվի հիպոթերապիան, քանի որ ձիու հետ շփումը դրական ազդեցություն ունի յուրաքանչյուր մարդու վրա: «Նույնիսկ, եթե դեպրեսիվ խնդիրների դեպքում ձիու հետ շփվես, ապա ամբողջ բացասական էներգիան դուրս կգա քո մեջից: Ձին էմոցոնալ և հոգեբանական առումով հանգստացնում է նյարդային համակարգը, սնուցում է ուղեղը, արյան շրջանառությունն է լավացնում»,- ասաց նա:
Նշենք, որ վերջին տասնամյակում հիպոթերապիայի պահանջարկը զգալիորեն աճել է ողջ աշխարհում: Հիպոթերապիան, որպես վերականգնողական մեթոդ, ոչ միայն հաճելի ժամանց է, այլ ֆիզիկական վարժությունների ու մերսման համադրություն, որը շատ ավելի մեծ կլինիկական ու ֆիզիոլոգիական արդյունավետություն ունի, քան ավանդական մերսումն ու մարզանքը: Հիպոթերապիայի հիմքում ընկած է ձիու շարժումը: Հիպոթերապիա տերմինն առաջացել է հունարեն «hippos» բառից, որը թարգմանաբար նշանակում է ձի: