Հաշմանդամ երեխայի մոր մենախոսությունը… Ինչո՞ւ լռեց փոխնախարարը
Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված այսօր կազմակերպվել էր մամլո ասուլիս, որին ներկա էին մի շարք պաշտոնյաներ` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Նրանց կողքին էր նստած նաև Մերի Մարտիրոսյանը, ով ասուլիսին էր եկել անվասայլակով տեղաշարժվող դստեր հետ. ոչ թե պաշտոնյա, այլ գործազուրկ, բայց թերևս ավելի կարևոր գործ կատարող մի կին` նրա խնամքի տակ են հաշմանդամ երկու երեխաները` 12-ամյա Սուսիկն ու 10-ամյա աուտիկ որդին:
Փոխնախարարը ներկայացնում էր այն ամենը, ինչ անում է պետությունը, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք, նաև երեխաները, հնարավորինս ինտեգրվեն հասարակությանը: Մասնավորապես, տիկին Բաղդասարյանը հայտարարեց, որ հաշմանդամություն ունեցող երեխան ստանում է 18.200 դրամ կենսաթոշակ, նրանք ստանում են նաև ընտանեկան նպաստ, ծնողը, որը դաստիարակում է մինչև 18 տարեկան երեխային և հնարավորություն չունի աշխատելու` նրան հաշվարկվում է 10 տարվա աշխատանքային ստաժ և այլն:
Խոսեց նաև Մ.Մարտիրոսյանը ու ասաց, թե իրականում ի՞նչ է ստանում պետությունից իր փոքրաթիվ ընտանիքը ու ինչպե՞ս են նրանք գոյատևում.
«Բացի նրանից, որ պետությունը տալիս է 18.200 դրամ թոշակ իմ ընտանիքը պետության կողմից որևէ այլ տարբերակով աջակցություն չի ստանում: Կան բարերարներ, ովքեր ինձ օգնում են, որովհետև մենք ապրում ենք վարձով, ես չեմ աշխատում, թեև ունեմ բարձրագույն կրթություն, բայց նախընտրել եմ զբաղվել իմ երեխաների դաստիարակությամբ… հավատում եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել»,- իր խոսքը սկսեց Մ.Մարտիրոսյանը:
«Իմ երեխաները,- շարունակեց նա,- ձգտում են նմանվել առողջ երեխաների և բացարձակ հաջողություններ ունեն ուսման մեջ: Դուստրը օրերս ԱՄՆ դեսպանից պատվոգիր է ստացել լուսանկարչական մրցույթի մասնակցելու համար, վերջինս առաջադիմում է նաև երաժշտության ոլորտում` լավ դաշնամուր է նվագում»:
...Բայց այսքանով այս ընտանիքի ուրախությունները սահմանափակվում են.
«Օրվա առաջին կեսը ես զբաղվում եմ երեխաների կրթությամբ, իսկ երկրորդ կեսը նվիրում եմ դռնեդուռ ընկնելուն, որպեսզի հայթհայթեմ միջոցներ, որովհետև անհրաժեշտ է բնակարանի վարձը վճարել ու գոյատևել: Ես բազմաթիվ նամակներ եմ գրել, ուր ասես, բայց ոչ մի տեղից արձագանք չեմ ստացել… »,- պատմեց նա:
Ընտանիքը նաև «Փարոս»-ից չի օգտվում, որովհետև Մ.Մարտիրոսյանի հայրը ունի «զապոռոժեց»: Անվճար բուժօգնությունից էլ օգտվում են մասամբ, քանի որ, պատմեց նա, պարզվեց, որ աուտիկ որդին ուռոլոգիական խնդիրներ ուներ և որպեսզի բանը չհասնի վիրահատության անհրաժեշտ էր ինչ-որ դեղամիջոցով, այսպես ասած, դեմն առնել: Մեկ դեղահաբը արժեր 20 հազար դրամ, և նա ստիպված ընկել է դռնեդուռ, որպեսզի հայթհայթի այդ գումարը բարերարներից…. Մի քանի ամիս անց նորից…
Մեկ տարուց ավելի բնակարանի վարձը հոգում է «Հայաստան համահայկական հիմնադրամը», սակայն առաջիկայում այլևս չի վճարելու և Մերի Մարտիրոսյանը մտածում է, թե ինչ պետք է անի հետագայում:
«Ինձ խորհուրդ տվեցին օգտագործել այս նախընտրական ժամանակահատվածը և նամակներ գրել….ես գրում եմ, չեմ զլանում ու բազմաթիվ գրված նամակներ ունեմ, բայց ոչ մի տեղից պատասխան չկա: Կամ էլ զանգում ասում են` դուք հերոս մայր եք, բայց մենք ձեզ օգնել չենք կարող»,- ավարտեց իր խոսքը հաշմանդամ երեխայի մայրը:
Մինչ Մ.Մարտիրոսյանի ելույթը հաշմանդամների հիմնախնդիրներին նվիրված նախարարության ու պետության քաղաքականության մասին խոսացող փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը այդպես էլ ոչ մի բառով չարձագանքեց կնոջ պատմությանը, ում հարևանությամբ էլ նստած էր….
Նախորդիվ`
«Երազում եմ երեխաներս բժշկվեն ու, որ մի օր մեր տունը ունենանք»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա