Արցախի շրջկենտրոնների և Ստեփանակերտի քաղաքապետները հրավիրվել էին նախագահի մոտ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն հանրապետության շրջկենտրոնների և Ստեփանակերտի քաղաքապետների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են հանրապետության քաղաքների նորմալ կենսագործունեության ապահովման, քաղաքապետարանների աշխատանքի արդյունավետության բարձրացման հետ կապված մի շարք հարցեր: Մասնավորապես, ուշադրություն է դարձվել կոմունալ տնտեսությունների գործունեության ճիշտ կազմակերպման վրա:
Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ներկաներին բարձրացված խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու և իրավիճակը քաղաքներում բարելավելու ուղղությամբ: Միաժամանակ նախագահը կարևորել է բոլոր հարցերում քաղաքների միջև սերտ համագործակցության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը, ընդգծելով, որ հանրապետության իշխանությունները պատրաստ են ըստ ամենյանի աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին:
Խորհրդակցությանը մասնակցել է փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: