Հուշարձանները մայրաքաղաք բերելու հարցը` առկախ
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը իր տեսաբլոգում անդրադարձել է Հանրային Խորհրդի՝ պատմության հուշարձանները մարզերից Երևան տեղափոխելու հարցի քննարկմանն օրերս նվիրված նիստին: Հուշարձանագետը անդրադարձել է ծրագրի հեղինակ, Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանի հիմնավորումներին, ինչպես նաև հիշել, թե ինչպես է այդ կինը տարիներ առաջ Խցկոնքի վանքի յուրաքանչյուր լուսանկար տրամադրելու համար 5000 դրամ պահանջել, սակայն նեգատիվներին ծանոթանալու և անհրաժեշտ լուսանկարներն ընտրելու խնդրանքին մինչ այժմ չի պատասխանել:
«Դրա համար ես իսկապես չեմ ուզում, որ որևէ հուշարձան հայտնվի որևէ թանգարանում, իսկ առավել ևս Պատմության թանգարանում, որ լուսանկարելու համար ստիպված չլինեմ դիմել մի մարդու, ով սկզբում մի արժեք կկրակի, իսկ հետո խաբի և հնարավորություն չտա իբրև ուսումնասիրող շարունակելու իմ աշխատանքը»,- ասել է Սամվել Կարապետյանը:
Սամվել Կարապետյանի` նկարներ ունենալու ֆինանսական ու անձնական հարցերը եթե դնենք կողքի, ապա բնապահպանների մտահոգությունները ավելի խորը հիմքեր ունեն. նախ այն, որ այդ հուշարձանները բերելով Երևան, զբոսաշրջիկներն արդեն ցանկություն չեն ունենա այլ վայրեր էլ այցելել` հայկական մշակութային հուշարձաններին ծանոթանալու համար, կամ` «կկորեն փոշու մեջ, միգուցե ժամանակի ընթացքում վրաները կհայտնվեն Ա+Բ=սեր ու նմանատիպ գրություններ», բերվելուց հետո այլևս հետ չեն տարվի և այլն: Մինչդեռ Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը այս բոլոր հակադարձումներին բերում է փաստեր` արդարացնելով կառավարության որոշումը:
Քանդակագործ Տիգրան Արզումանյանը ճիշտ է համարում այդ հուշակոթողների կրկնօրինակների պատրաստումը ու Երևանում տեղադրելը: Panorama.am-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ հուշակոթողները տեղաշաժելը, կտեղափոխելը, լավ չէ: Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն էլ ողջունեց Պատմության թանգարանի նախաձեռնությունը, այն որակելով որպես «լավ գործ»:
Նշենք, որ կառավարությունը սեպտեմբերի 13-ին ընդունել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» որոշում, որը ներկայացրել էր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նախարարությանը նման առաջարկով դիմել էր Հայաստանի պատմության թանգարանը: Որոշման համաձայն, Արագածոտնի, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Լոռու մարզերից Երևան էին տեղափոխվելու 63 պատմաճարտարապետական կոթողներ, որոնք պետք է այդտեղ մնան մինչև 2016 թվականը` այնուհետև վերադարձվեն իրենց գտնվելու վայրերը:
Որոշման մեջ նաև նշված է նպատակը. «Հետևողական և նպատակադիր նախանձախնդրությամբ Հայաստանի տարբեր հնավայրերից հավաքաված և Հայաստանի պատմության թանգարան բերված կոթողները կնպաստեն հասարակության կողմից մեր ժառանգության նկատմամբ նորովի վերաբերմունքի արտահայտմանը, կիրառական արվեստի ճյուղերի զարգացմանը և նրանց լիարժեք դրսևորմանը:...
Հուշարձանների պահպանությունը բաց երկնքի տակ, անգամ հսկողության ներքո, չի երաշխավորում դրանց անխաթարությունը, չի փրկում բնական քայքայումից: Սույն նախագծով ներկայացված հուշարձանների մի մասն արդեն իսկ վնասված է, կոտրված, տապալված, հողի մեջ թաղված, երեսնիվայր ընկած մասնավոր հողամասերում: Ընտրված հուշարձանների մեծ մասը տեղահանված է իր ստեղծման վայրից, և շարժական լինելը վտանգում է դրանց ամբողջականությունը և պահպանությունը դարձնում անվերահսկելիե: Որոշման ընդունումը պայմանավորված է մշակութային ժառանգության պահպանման և հանրությանը ներկայացման անհրաժեշտությամբ»:
Նախորդող նորություններ`
«Մշակույթի նախարարի համար երկու մետրանոց վիշապը բեկոր է… Անգրագետ որոշումը դժգոհությունների ալիք է բարձրացնում»
«Հայաստանի պատմության թանգարանը փրկում է վնասված հուշակոթողների վարքը»… Դիտողություններն ու մեղադրանքներն անհի՞մն են
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում