Երևանյան Մետրոպոլիտենի այսօրն ու վաղը (նաև ֆոտոշարք)
Այսօր Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանի ուղեկցությամբ ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգն ու Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիստեան այսօր այցելեցին Երևանի մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ», «Հանրապետության հրապարակ» և «Երիտասարդական» կայարաններ, ծանոթացան վերակառուցման ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներին: (Ֆոտոշարքն այստեղ `Շրջայց Երևանի Մետրոպոլիտենով(23նկ.))
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց Փայլակ Յայլոյանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ պայմանագիր է կնքվել մայրաքաղաքի մետրոյի վերակառուցման և վերազինման աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար 5 մլն եվրո տրամադրելու վերաբերյալ: Բացի ՎԶԵԲ-ի 5 մլն եվրո վարկից, ծրագիրը համաֆինանսավորվում է նաև Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) կողմից 5 մլն եվրո և նույն չափ գումարով Եվրոպական միության կողմից ներդրումային դրամաշնորհով:
«Տարածաշրջանում ամենահաջողված ծրագրերից մեկն է: Ծրագիրը շարունակական է և հետագայում ավելի մեծ հաջողություններ կգրանցենք»,- հայտնեց Փ.Յայլոյանը: Ըստ նրա՝ ծրագրի առաջին փուլով արդիականացվել են բոլոր շարժակազմերը, իրականացվել են 35 կմ բարձավոլտ մալուխների փոխարինման աշխատանքներ, ներկայումս իրականացվում են նաև պոմպակայնների արդիականացման աշխատանքեր: «Ծրագիրն արդեն 80 տոկոսով իրականացվել է, իսկ առաջին փուլն ամբողջությամբ կավարտվի 2013թ-ի սեպտեմբերին»,- ասաց Փ.Յայլոյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ ծրագրի առաջին փուլում գումարների արդյունավետ օգտագործման և տնտեսման շնորհիվ հաջողվել է արդիականացնել 37 վագոններից 10-ը:
Անդրադառնալով մետրոպոլիտենի աշխատողների աշխատավարձերին, նա նշեց, որ դրանք 5%- ով բարձրացել են: Ըստ նրա՝ մետրոպոլիտենի աշխատողների աշխատավարձը հանրապետությունում միջինից մի փոքր բարձր է: «Իսկ ինչ վերաբերում է ուղեվարձերի բարձրացմանը, ապա այդ գումարներով ևս վերանորոգման աշխատաքներ են տարվել»,- ասաց Փ.Յայլոյանը:
Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիստեան հայտնեց, որ Երևանի Մետրոպոլիտենում իրականացված աշխատանքների արդյունքներն արդեն շոշափելի են: «Իհարկե շատ անելիքներ դեռևս կան, որպեսզի քաղաքացիները տեսնեն ծրագրի արդյունքը: Կարծում եմ, որ անհրաժեշտ է մշակել համակարգված տրանսպորտային ռազմավարություն, որը կմիացնի մետրոն այլ տրանսպորտային միջոցների, մասնավորապես ավտոբուսային կանգառների հետ»,- ասաց նա:
ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգն էլ նշեց, որ մետրոպոլիտենին հաջողվել է բավականին լուրջ խնայողություններ անել ծրագրի շնորհիվ: «Սա ՎԶԵԲ-ի՝ Հայաստանում իրականացված լավագույն ծրագրերից է մեկն է»,- ասաց Վ. Ռազլոգը: