Քաղտեխնոլոգն ու նախկին պատգամավորը միակարծիք են` դաշտում այս պահին միայն Սերժ Սարգսյանն է
«Մենք այսօր նախագահական ընտրություններում հաղթող հավակնորդ թեկնածու չունենք, միայն գործող նախագահ Սերժ Սարգսյանն է»:
Ասուլիսում նման տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Նրա խոսքով, այսօր չկա հաղթելու մեծ հնարավորություններ ունեցող երկրորդ թեկնածու: Նախկին պատգամավորի կարծիքով, Սերժ Սարգսյանին արժանի հավակնորդները պետք է լինեն ղարաբաղյան ազատագրական պատերազմի մասնակից, պետք է ունենան կենսագրություն, իսկ այսօր միայն կենսագրություն չունեցող, բանակում չծառայած մարդկանց անուններ են շրջանառվում, որպես նախագահի թեկնածու: Նշենք, որ որևէ մեկի անուն չտվեց:
Ասուլիսին ներկա քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նույնպես ասաց, որ «այժմ միայն Սերժ Սարգսյանն է դաշտում, էլ չգիտենք…»: «Սա 20 տարվա քաղաքական դաշտի փոշիացման հետևանքն է»,- ընդգծեց նա, ապա շարունակեց. «Եթե անգամ իր թեկնածությունն առաջադրի Գագիկ Ծառուկյանը, գաղափարական պայքար չի լինի, իշխանություն-ընդդիմություն պայքար չեմ տեսնում»:
Միաժամանակ քաղտեխնոլոգը չբացառեց, որ առաջիկայում դեռ հնարավոր են անակնկալներ:
Ազատ Արշակյանը նույնպես այն կարծիքն է, որ այսօր չկա գաղափարական պայքար, չկա այնպիսի մի հեղինակություն, որ իր հետևից տանի ամբողջ ժողովրդին: «Եթե 1990-ական թվականներին ազգային ազատագրական շարժման գաղափարախոսությունն էր, այսօր պետք է պետականացման գաղափարախոսություն լինի»,- նշեց նա: Ա. Արշակյանի կարծիքով, քաղաքական դաշտի սերնդափոխությունը կարող է աշխուժացնել, գաղափարախոսություն մտցնել քաղաքական դաշտ: