Թուրք պրոֆեսորը կարևորում է հայերին խորապես ճանաչելը
Թուրքիայում քննարկումների թեժ թեմա է դարձել վարչապետ Էրդողանի արած արտահայտությունը «Հրաշալի դարաշրջան» հեռուստասերիալի վերաբերյալ: Էրդողանը դժգոհություն էր հայտնել, թե ֆիլմում մարմնավորված պատմական կերպարները ճիշտ չեն ներկայացնում թուրքերի նախնիներին:
Թեմայի մասին թուրքական «Միլլիյեթ» օրաթերթին հարցազրույց է տվել «Սաբանջը» համալսարանի դասախոս, քաղաքագիտության պրոֆեսոր Այշե Քադըօղլուն: Մասնավորապես այն հարցին, թե հավատում եք, որ օրերից մի օր հայերն էլ կբնութագրվեն որպես այս հողերում ապրածների նախնիներ, Քադըօղլուն պատասխանել է.
- Այս պահի համար կարող եմ ասել` ոչ, չեմ հավատում: Բայց ապագայի համար կցանկանամ այդպես ասվի: Հիմա դա շատ հեռավոր մի երազ է թվում, բայց կարծում եմ, կարելի է և պետք է այդ մասին մտածել: Չէ՞ որ նախնին միայն ցեղով չի որոշվում, հարկավոր է խորապես ճանաչել այս աշխարհագրական տարածքում ապրած մարդկանց: