Հայաստանի բուհերը շարունակում են համալրվել բազմաֆունկցիոնալ համակարգչային լսարաններով
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ համալսարանները շարունակում են համալրվել ինտերնետ հասանելիությամբ համակարգչային բազմաֆունկցիոնալ լսարաններով:
Ուսումնական գործընթացի արդյունավետությունն էապես կախված է ուսանողին առաջարկվող գործիքներից: Այդ առումով, գերարագ զարգացող ժամանակաշրջանում, անփոխարինելի միջոց է համարվում համացանցը: Բուհերին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռազմավարությունը բխում է այդ տրամաբանությունից:
Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի աջակցությամբ, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում կսկսի գործել ինտերնետ հասանելիությամբ 9 համակարգչով ապահովված լսարան: Բուհի ուսումնական գործընթացների պահանջներից ելնելով, ՎիվաՍել-ՄՏՍ-ն այն համալրել է նաև արժեքավոր այլ սարքավորումներով: Մասնավորապես` «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 3G երթուղիչով, փոխանջատիչներով, ինչպես նաև լուսարձակով ապահովված`ինտերակտիվ գրատախտակով:
Ի դեպ, եռամյա ուսումնասիրության արդյունքում բրիտանացի գիտնականների կատարած բացահայտման համաձայն` բազմաֆունկցիոնալ համակարգչային տեխնիկայի, հատկապես` ինտերակտիվ գրատախտակների կիրառումն էապես բարելավում է մարդու մաթեմատիկական մտածողությունը:
«Մասնագիտացման հարցում շոշափելի արդյունք արձանագրելու համար, չափազանց կարևոր է ուսանողին առաջարկվող գործիքը: Նորարար լուծումներով կահավորված լաբորատորիան և տեխնիկայի ժամանակակից միջոցներից օգտվելու հնարավորությունը ուսանողությանը թույլ կտան ավելի արագ բացահայտել իր մտավոր ներուժը: Դա կարևոր հիմք է` հատկապես ճշգրիտ գիտությունների հատվածում մեր երկրի մրցակցային առավելությունը լիարժեք դրսևորելու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Դասախոսի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու և ուսանողների հետ արդյունավետ շփումն ապահովելու նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը համապատասխան լուսարձակներով ինտերակտիվ 2 գրատախտակ էլ տրամադրել է Հայաստանում ֆրանսիական համալսարանին: