ԵԽ փոխնախագահը նշել է, որ ընտրություններում Ծառուկյանը կարող է հիանալի թեկնածու լինել
Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ արտաքին գործերի գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների հետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած պատվիրակության անդամների հետ հանդիպումների շարքը մեկնարկել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ հանդիպումով:
Կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ԲՀԿ-ն այսօր այստեղ է Եվրոպական կուսակցությունների հետ հարաբերությունները խորացնելու նպատակով, քանի որ եվրոպական ինտեգրումը ԲՀԿ օրակարգի գերկայություններից մեկն է: Միջկուսակցական համագործակցության խորացմանը միտված ծրագրերի քննարկումից զատ կողմերը զրուցել են նաև Հայաստանի տնտեսական քաղաքականության վերաբերյալ հարցերի շուրջ:
Գագիկ Ծառուկյանը կարծիք է հայտնել, որ անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում: Հանդիպման շրջանակներում կողմերը զրուցել են Հայաստանի քաղաքական օրակարգի կարևորագույն խնդիրների մասին, այդ թվում անդրադարձ է կատարվել նաև առաջիկա նախագահական ընտրություններին: Ծանոթ լինելով ԲՀԿ գաղափարական և քաղաքական գործունեությանը՝ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան հաստակամություն ու պատրաստակամություն է հայտնել օժանդակելու ԲՀԿ-ի՝ Եվրոպական կուսակցությունների հետ համագործակցության ընդլայնմանը միտված քաղաքականության կենսագործմանը:
Փոխնախագահն ընդգծել է, որ ցանկացած տեսակի համագործակցության կայացման ու արդյունավետության առաջին գրավականն ու երաշխիքը մարդկային հարաբերություններն են և այդ համատեքստում կարևորում է ԲՀԿ նախագահի հետ ծանոթությունը: Անձնական ծանոթությունից հետո Եվրոպական խորհդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան նշել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը կարող է հիանալի թեկնածու լինել, քանզի առանձնանում է մարդկային ու լավատեսական հատկանիշներով:
Հագեցած օրակարգով հանդիպման ավարտին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկային հրավիրել է այցելել Հայաստան, որտեղ կարող են նաև առավել հանգամանորեն քննարկել առաջիկա գործակցության հեռանկաները:
Այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավորները Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հանդիպում են ունեցել նաև Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինի հետ: Հանդիպման շրջանակներում առաջնային թեման առաջիկա նախագահական ընտրություններն են եղել:
Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ ԲՀԿ-ն մշտապես հանդես է եկել բացառապես ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների անցկացման դիրքերից: Անդրադարձ է կատարվել նաև եվրոպական կառույցների կողմից ընտրությունների ժամանակ երկարաժամկետ ու կարճաժամկետ դիտորդական առաքելությունների իրականացման գործընթացին: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինը տեղեկացրել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանում իրենց դիտորդական առաքելությունն իրականցնող կառույցները ուշի ուշով հետևելու են ներքաղաքական բոլոր զարգացումներին:
Ըստ աղբյուրի, ԲՀԿ նախագահի հերթական հանդիպումը կայացել է Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլի, եվրոպական խորհրդարանում դաշինքի քաղաքական խմբի ղեկավար Մարտին Կալանանի հետ, որտեղ ևս քննարկվել են կուսակցությունների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում հանդիպել արդեն առավել գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով:
Գագիկ Ծառուկյանի այցը շարունակվելու է նաև դեկտեմբերի վեցին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա