Էթիկայի հանձնաժողովը կքննի ՀՅԴ դիմումը
Դեկտեմբերի 7-ին կայանալիք Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովում քննարկվելու է ԱԺ Հ. Յ. Դաշնակցություն խմբակցության ներկայացրած դիմումը:
Հիշեցնենք, որ Դաշնակցության դիմումը վերաբերում էր ԱԺ արտահերթ նիստին:
Այսպիսով` Դաշնակցություն խմբակցությունում կարծում են, որ նոյեմբերի 21-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստին չգրանցված պատգամավորները խախտել են ՀՀ ԱԺ կանոնակարգ-օրենքով նախատեսված էթիկայի կանոնները:
Այդ օրը ՀԱԿ խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը բոյկոտեցին մեծամասնություն կազմող ԱԺ հանրապետական և Օրինաց երկիր խմբակցության անդամները:
ՀԱԿ խմբակցությունը այդ քայլը համարել էր Սահմանադրության խախտում և 3 տասնյակից ավելի ստորագրություններով պատրաստվում է դիմել ՍԴ, իսկ Դաշնակցությունը չմիացավ այդ նախաձեռնությանը և որոշեց դիմել Էթիկայի հանձնաժողով:
Էթիկայի հանձնաժողովում այս դիմումի քննարկումից հետո որոշումը կկայացվի երեսուն օր հետո: