Լ.Սարգսյան. Չեմ ուզում թերագնահատել Ծառուկյանին, բայց ինձ համար նախագահի կերպարը այլ կերպար է
««Եթե»-ն մեզ մոտ չի քննարկվում ընդհանրապես: Մենք բացառում ենք, որ կարող է «եթե» լինել: Ասեմ` առ այսօր որևէ թեկնածություն ՀԱԿ-ում չի քննարկվել»,- Panorama.am-ի հարցին ի պատասխան` եթե քաղաքական ուժերի բանակցությունների արդյունքում նախագահի միասնական թեկնածու չհայտարարվի ՀԱԿ-ը ի՞նչ է անելու, ո՞վ է իրենց հավանական թեկնածուն ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը:
Մեր զրուցակիցն ասաց, որ գուցե և Հայ ազգային կոնգրեսում շատ առաջնորդներ կան, բայց իր համար Լևոն Տեր-Պետրոսյանը չգերազանցված է և նրանից հետո մի քանի նիշ դատարկ է. «Լևոն Տեր-Պետրոսյանն այնքան շատ է, որ իրենից հետո ինչ-որ մեկին նախագահի թեկնածու տեսնելու հնարավորությունը այսօր կարծես թե որևէ մեկը չպետք է ունենա»,- նշեց Լ.Սարգսյանը:
Անդրադառնալով ՀՀԿ-ին ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ նրանց թեկնածուին շատ հեշտ կարելի է փոխարինել. «Որովհետև այդ արժեհամակարգի մարդկանց, ում կարելի է նախագահ դարձնել, ինչպիսին այսօր գործող նախագահն է, շատ հեշտ է գտնելը»,- ընդգծեց նա:
Հետաքրքրվեցինք` եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշի առաջադրվել որպես նախագահի թեկնածու` ոչ միասնական թեկնածու, արդյո՞ք նրա գործոնը կարող է որոշակիորեն ազդել քաղաքական գործընթացների վրա. «Ես չեմ ուզում թերագնահատել Գագիկ Ծառուկյանին, նա ունի իր արժանիքներն ու գուցե նաև իր ավանդը` թեկուզ կուսակցության մեջ, հանրային կյանքում: Բայց ինձ համար նախագահի կերպարը այլ կերպար է և ես այդ կերպարի մեջ տեսնում եմ միայն Լևոն Տեր-Պետրոսյանին»,- եղավ ՀԱԿ ներկայացուցչի պատասխանը: