Թ. Մանասերյան. Եթե դանդաղ քայլերով շարունակենք, ապա հետճգնաժամային փուլում դինամիկ զարգացումից հետ կմնանք
«Նախորդ տարվա միտումները գործեցին նաև այս տարի» - այսօրվա ասուլիսի ժամանակ ամփոփելով 2012 թվականը՝ ասաց տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը: Ըստ բանախոսի՝ սպասումները շատ էին, մանավանդ, որ ընթացան խորհրդարանական ընտրություններ և առջևում նախագահականն է, թեև հենց այդ պատճառով քիչ են եղել ներդրումները, ինչը որոշակի ազդել է բոլոր ճյուղերի վրա:
Որպես տարվա բացասական միտում Թ.Մանասերյանը հիշատակեց ապրիլին հայկական դրամի արժեզրկումը, որը որոշակի խուճապ բերեց, իսկ դրականը եղավ հուլիսին դրամի նոր արժեվորումը: Դրական էր նաև գյուղատնտեսության ոլորտում գրանցված երկնիշ աճը:
«Ընդհանուր առմամբ պետք է նկատել, որ տնտեսության մի քանի ճյուղեր 2011-ի միտումները շարունակեցին, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում, որը լինելով մրցունակ և բարձր մակարդակի, այս տարվա առաջին տարիներին երկնիշ աճ է արձանագրել, արդյունաբերությունը, որոշ բացառություններով արտահայտվեց արտահանման առավելությունը ներկրման նկատմամբ», - ասաց նա, նշելով, որ տնտեսության մեջ դրական միտումները պայմանավորված են ֆինանսական, արտադրական և մարդկային գործոնների արդունավետ օգտագործմամբ:
Որպես մտահոգիչ Թ.Մանասերյանն առանձնացրեց գործազրկության բարձր մակարդակը. «Մասնավորապես ահազանգ պետք է հնչեցել երիտասարդության շրջանում գործազուրկների աննախադեպ թվի շուրջ, որը համընկնում է միջազգային վատագույն գնահատականների հետ՝ որոշ սոցիալական խմբերում հասնալով ընդհուպ մինչև 60 տոկոսը, ինչպես նաև դրա հետ կապված մեծ արտագաղթը»:
Որպես խնդիրների որոշակի լուծում տնտեսագիտության դոկտորն առաջարկեց առաջիկայում առկա ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումը, նոր և գործունյա ծրագրերի իրականացումը:
«Եթե մենք դանդաղ քայլերով շարունակենք, ապա հետճգնաժամային փուլում կարող ենք դինամիկ զարգացումից հետ մնալ: Դրանք տնտեսական զարգացման համար լուրջ գործոններ են», - ասաց նա:
Անդրադառնալով երիտասարդության շարքերում մեծ գործազրկությանը, բանախոսը ցավով նշեց, որ ամեն տարի պետպատվերով ուսանողների համար բյուջեի սուղ միջոցներից մեծ գումարներ են առանձնացվում, բայց արտագաղթի պատճառով Հայաստանը փաստացի դառնում է մասնագետների դոնոր այլ երկրների համար, այն դեպքում, որ մասնագետների սուր պահանջ կա հենց մեր երկրում: Ըստ բանախոսի՝ ներկայումս իրավիճակը կարողանում է որոշակի շտկել մասնավոր հատվածը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները