«Եթե ձախ մարգատ է միացնում, աջ է թեքվում, ռույլին կին է». ՃՈ-ն համամիտ չէ այս տեսակետին
Վերջին տարիներին Երևանի փողոցներում մեքենայի ղեկին կին տեսնելն արդեն սովորական է: Վերջին չորս տարիների ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը վարորդական վկայական է տրամադրել 19 660 կնոջ:
Այս մասին Panorama.am-ին հայտնեց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանը:
«2009, 2010, 2011 թվականների և 2012 թվականի 10 ամիսների ընթացքում Ճանապարհային ոստիկանության կողմից (որակավորման քննությունների հիման վրա, փոխանակման և կորցրածի կրկնօրինակի հատկացման արդյունքում) տրվել է 379 207 վարորդական վկայական (2009թ.–ին՝ 46 271¸ 2010թ.-ին՝ 53 738¸ 2011թ.-ին՝ 150 297¸ 2012թ.-ի 10 ամիսներին՝ 128 901)¸ որից 19 660-ը` իգական սեռի անձանց»,-ասաց ՃՈ պետի տեղակալը:
Նրա տրամադրած տվյալների համաձայն, ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում 2000 թվականից մինչ օրս հաշվառված է վարորդական վկայական ունեցող 36. 791 իգական սեռի անձ:
«Եթե ձախ մարգատ է միացնում ու աջ է թեքվում, ու դրանից հետո էլ մարգատը չի անջատում, ռույլին հաստատ կին է»,-սա տղամարդ վարորդների մոտ տարածված տեսակետ է:
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալից Panorama.am-ը հետաքրքրվեց, արդյոք ճիշտ է տարածված կարծիքը, թե կանայք մեքենան վարում են բազմաթիվ խախտումներով:
Ի պատասխան նման մտածողների Արթուր Տոնոյանը հայտնեց, որ ըստ Ճանապարհային ոստիկանության՝ հայ կին վարորդները հիմնականում օրինապաշտ են, սակայն լինում են նաև բացառություններ:
Օրինակ, նախորդ տարվա ընթացքում վարորդ-կանանց մասնակցությամբ հաշվառված է համապատասխանաբար 39 ճանապարհատրանսպորտային պատահար (ընդհանուր քանակի 2.1 %-ը), իսկ այս տարվա 10 ամիսների ընթացքում 38 պատահար (ընդհանուր քանակի 1.8 %-ը):
Տարածված կարծիք կա, որ Հայաստանում կանայք հիմնականում թանկարժեք մեքենաներ են վարում, քանի որ նրանք կամ հարուստ պապա ունեն, կամ հարուստ սիրեկան կամ էլ պաշտոնյա ամուսին:
Ճանապարհային ոստիկանությունից հայտնեցին, որ կանանց կողմից վարվող ավտոմոբիլների մակնիշների վերաբերյալ տեղեկատվություն չունեն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան